Սիրիայի կառավարական ուժերը գրավել են խաչակիրներին պատկանած Կրակ-դե-Շևալե ամրոցը, որը երկրի արևմտյան հատվածի Հոմս նահանգում ռազմավարական նշանակության բարձունքում է։
Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
Պաշտոնական տվյալներով մարտերի ժամանակ սպանվել են տասնյակ ապստամբներ։ Ամրոցի աշտարակին բարձրացվել է Սիրիայի պետական դրոշը։
Իսկ ահա ալ-Հոնս գյուղի մարտերի ժամանակ, ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների, սպանվել է մոտ 40 ապստամբ՝ ներառյալ «Ջունուդ ալ-Շամ» իսլամական խմբավորման ղեկավարը։
Բացի այդ, սիրիական տանկերը կրակ են բացել փախչող ապստամբների ուղղությամբ, ինչի հետևանքով Լիբանանի հետ սահմանին տներ են ոչնչացվել։
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ներգրավված ամրոցը վնասվել է։ Ընդհանուր առմամբ, ականատեսների վկայությամբ քանդվել է ամրցոի աշխարակներից մեկը։
Հիշեցնենք, որ սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ արդեն երեք տարի։ Այս ընթացքում սպանվել է շուրջ 140 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։