Ադրբեջանի սուր արձագանքները տեղաբնիկ ժողովուրդների վերջին շրջանի ակտիվությանը

Վերջին շրջանում Ադրբեջանն առավել սուր է արձագանքում տեղաբնիկ ժողովուրդների գործողություններին [1], որոնց ներկայացուցիչները հաճախ են բարձրաձայնում Ադրբեջանի տարածքում իրենց իրավունքների ոտնահարման և սեփական պետությունն ունենալու ծրագրերի մասին: 

Ադրբեջանի դիրքորոշումն ակնհայտ է դառնում, երբ պաշտոնական Բաքվի տեսակետն արտացոլող լրատվամիջոցները սկսում են ցավագին արձագանքել նման բովանդակությամբ ելույթներին:

«Շիրվանի ազատագրման ճակատ» կազմակերպության տարբերանշանը

«Շիրվանի ազատագրման ճակատ» կազմակերպության տարբերանշանը

Այսպես, 2014-ի փետրվարի 19-ին Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության[2] նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Ալաքրամ Հումմաթովը  (Հումմաթզոդան) ելույթ էր ունեցել  Բրյուսելում կայացած Եվրախորհրդարանի կազմակերպած «Խաղաղությունը և համակեցությունը Հարավային Կովկասում» խորագրով  հարավկովկասյան հակամարտությունների վերաբերյալ  համաժողովին։

«Խաղաղությունը և համակեցությունը Հարավային Կովկասում» խորագրով հարավկովկասյան հակամարտությունների վերաբերյալ համաժողովի պաստառը

Նրա ելույթում բացի սեպտեմբերի 24-ին Երևանում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում թալիշական մագիստրոսական ծրագրի շնորհանդեսին հնչած մտքերից անդրադարձ եղավ նաև թալիշների՝ անկախ պետություն ունենալու հնարավորություններին։

Հումմաթովը ներկաներին հանգամանորեն ներկայացրեց՝ թալիշները չեն կարող ընդունել նույնիսկ Ադրբեջանի` դաշնային հանրապետության վերածվելու դեպքում դրանում վարչական միավոր դառնալը։ Հումմաթովի խոսքերով՝ անընդունելի է նաև կոնֆեդերացիան (համադաշնություն), անգամ թալիշական ինքնավար հանրապետության ստեղծումը, քանի որ այն կարժանանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ճակատագրին, ինքնավարությունն էլ լոկ թղթի վրա արձանագրված կմնա, թալիշական հիմնահարցն այդպիսով լուծում չի ստանա։ Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներից ձերբազատվելու, ազգային ինքնության պահպանման ու զարգացման միակ ուղին թալիշ առաջնորդը տեսնում է անկախ Թալիշստանի ստեղծման մեջ։ «Միայն անկախ պետությունը կարող է դառնալ մեր ազգի անվտանգության և բարգավաճման իրական երաշխիք»,-հայտարարել է Հումմաթովը։

Այսպիսով թալիշները միջազգային հարթակից թերևս առաջին անգամ բարձրաձայնում են ոչ թե ինքնավարություն, այլ հենց անկախ պետություն ունենալու իրենց ցանկության մասին։

Բնականաբար, ադրբեջանական լրատվամիջոցները չէին կարող շրջանցել նման բովանդակության ելույթը, առավել ևս ՝եվրոպական բարձր հարթակից հնչած։ Ճիշտ է՝ ելույթը կայացել էր փետրվարի 19-ին, սակայն դրա քննարկումները նոր են թեժանում։

Հումմաթովի վերոհիշյալ խոսքերը, ինչպես նաև  2013-ի հոկտեմբերին Երևան ու Արցախ կատարած այցերը ծավալուն հրապարակմամբ մեկնաբանել է ադրբեջանական Haqqin.az լրատվակայքի գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ Էյնուլլա Ֆաթուլաևը։

Նշենք, որ Ֆաթուլաևը 2007-ին ՀՀ ու Արցախ կատարած այցերի արդյունքում գրված «Ղարաբաղյան օրագրի» համար Ադրբեջանում դատապարտվել էր 8.5 տարի ազատազրկման։ 2011-ի մայիսին ազատ արձակվելուց հետո նա փոխել է դիրքորոշումը՝ իր հիմնած լրատվամիջոցներում, այդ թվում՝ Haqqin.az կայքում, զգալի տեղ հատկացնելով իշխող վարչակազմի՝ Ալիևների ընտանիքի բացահայտ քարոզչությանը։ Ֆաթուլաևին Ադրբեջանում վերջին տարիներին արդեն իսկ սկսել են ընկալել որպես պետական քարոզչամեքենայի կամակատար։

Վերադառնալով Ֆաթուլաևի հոդվածին՝ շեշտենք՝ դրա հիմքում այն միտքն է, որ Հումմաթովը բավարար գիտելիքներ չունեցող, դավաճան անձ է, լոկ խաղալիք հայկական ու իրանական հատուկ ծառայությունների ձեռքերում, որի խոսքերը չեն արտացոլում թալիշների իրական ձգտումները։ Հատկանշական է, որ հոդվածը եզրափակվում է հետևյալ կերպ. «Լենքորանը կկրկնի Ղրիմի ճակատագիրը, Ադրբեջանը դժոխքի միջով կանցնի, ահա սրան է անկեղծորեն հավատում Հումմաթովը»։

Հարկ է նշել նաև, որ Ֆաթուլաևի հոդվածում կառուցողական մոտեցումները քիչ էին, այն ավելի շատ հիմնված էր ոչ թե թալիշների հիմնախնդրի, այլ Հումմաթովին ուղղված անձնական վիրավորանքների և թալիշ առաջնորդին խիստ բացասական երանգներոով ներկայացնելու վրա։ Քիչ թե շատ իրականության հետ աղերսներ ունեին այն պնդումները, որ Հումմաթովը սերտ շփումներ ունի Ադրբեջանի ներկայիս ընդդիմադիր խմբավորումների անդամների հետ։

Թալիշների արձագանքը սպասեցնել չտվեց։ Մարտի 21-ին թալիշներին պատկանող Tolishpress.org կայքում հրապարակվեց մի հոդված, որում Ֆաթուլաևի կենսագրությունը, գործունեությունը, նրա իշխանամետ կեցվածքը ներկայացնելուց զատ՝ անդրադարձ էր արվել թալիշների վերաբերյալ վերջինիս հրապարակման առանցքային մտքերին։ Հեղինակը շեշտել էր՝ Ֆաթուլաևը փորձում է ոչ թե լուծումներ առաջարկել թալիշների խնդիրներին, այլ առհասարակ բացառում էր դրանց գոյությունը, բացի այդ սեփական իրավունքների համար պայքարող թալիշին ներկայացնում է որպես «վարձկան» կամ «անջատողական», Հումմաթովին էլ՝ որպես թալիշների հավաքական տեսակետի հետ առնչություն չունեցող դրածո, իսկ դա հերթական անգամ ցույց է տալիս «Ադրբեջանի իշխանությունների իրական վերաբերմունքը թալիշներին»։

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունների բովում աշխուժացել են Ադրբեջանի տեղաբնիկ այլ ժողովուրդները ևս։ Օրերս համացանցում հայտնվեց «Շիրվանի ազատագրման ճակատ» անունը կրող, մինչ այդ լրատվադաշտում չհիշատակված կազմակերպության ադրբեջանալեզու հայտարարությունը։ Համաձայն դրա՝ Ադրբեջանի տարածքում բնակվող թաթերը՝ կովկասյան պարսիկները, սույն կազմակերպությունը ստեղծել են Շիրվանի տարածքում անկախ պետություն կազմավորելու նպատակով և գործելու են են ընդհատակում։ Նրանց հիմնական նպատակների շարքում են նաև հարկադրել Ադրբեջանին ընդունել «պարսիկ» էթնոնիմը «թաթ» կամ «դաղլը» անվան փոխարեն, պարսի լեզվի ընդունումը որպես միակ պետական լեզու Շիրվանում, ինչպես նաև կովկասյան պարսիկների բռնի ձուլման քաղաքականության կասեցումը։ Հայտարարությունն ավարտվում է. «Կեցցե´ Շիրվանը՝ առյուծների երկիրը։ Շիրվանը պատկանում է առյուծներին, այլ ոչ թե գայլերին» նախադասությամբ։ Հայտարարությանը կցված է կազմակերպության տարբերանշանը, որի վրա առյուծ է պատկերված։

 

«Շիրվանի ազատագրման ճակատ» կազմակերպության տարբերանշանը

Նկատենք, որ ներկա դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունում ամենախիտ բնակեցված բնակավայրը Լեռնային Շիրվանում (Իսմայլիի շրջան) տեղակայված Լահիջն է, որի բնակչությունը խոսում է թաթերեն։ Շիրվանում տեղաբնիկներից առհասարակ մեծամասնություն են կազմում հենց թաթերերը, որոնք մինչ օրս չեն կորցրել ազգային ինքնագիտակցությունը և լիարժեք ձուլման չեն ենթարկվել։

Շիրվանը հայտնի է նավթային հանքերով, որոնցից ստացված արտադրանքը կազմում է շրջանի համախառն ներքին արտադրանքի 90 տոկոսը։

Շրջանի հայտնի նավքահանքերից են «Հյուսիսային Քյուրովդաղը», «Կենտրոնական Քյուրովդաղը», «Հարավային Քյուրովդաղը», որտեղ էլ նավթարդյուհանումը սկսել են իրականացնել դեռևս 1955-ից, խոշոր հանքավայրերի շարքում են Զյանբիլ լեռանը կից հանքերը, Աթբուլաղ գյուղի ու Ալի Բայմարլը քաղաքի մերձակայքի նավթահանքերը։

Նկատենք, որ կովյասյան պարսկերենի լեզուն պարսկերենին շատ մոտ է, իսկ «թաթը» թյուրքական տարրի տված էկզոնիմ է, որը, ունենալով քամահրական երանգ, տրվում էր նստակյաց, ոչ թյուրքական բնակչությանը եկվոր թյուրքերի կողմից։

Ճիշտ է՝ հաշվի առնելով, որ սույն հայտարարության սկզբնաղբյուրը սոցցանցային խմբերն են, ուստի բարդ է ասել՝ այն որքանով աղերսներ ունի իրականության հետ և որքանով է արտացոլում կովկասյան պարսիկների ձգտումները, սակայն Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը շտապել է արձագանքել՝ խոստանալով կարճ ժամանակում պարզել հեղինակներին։

Մի կողմ թողնելով այն հարցը՝ արդյոք թալիշների և թաթերի հայտարարությունները կարող են փոխել իրավիճակը, թե ոչ՝ նշենք՝  Ադրբեջանի իշխանություններն ու դրանց վարած քաղաքականության հայելին հանդիսացող իշխանական լրատվամիջոցները բավականին սուր են արձագանքում տեղաբնիկ ժողովուրդների ցանկացած ակտիվությանը, համեմատում այն Ղրիմի շուրջ ծավալվող գործընթացների հետ։

Դա թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանի իշխող օղակները վտանգ են տեսնում տեղաբնիկ ժողովուրդների հիմնախնդիրների թեմաների և քննարկումների՝ Ադրբեջանի սահմաններից դուրս գալու հարցում և հակադարձելու միակ ճանապարհ են ընտրել տեղաբնիկների հետ կապված խնդիրների իսպառ բացառումը և դրանց բարձրաձայնումը հայկական ու իրանական քարոզչական շրջանակների հակաադրբեջանական արշավի ձեռքի գործը ներկայացնելը։ Սույն գործելաոճն այս պահի դրությամբ չունի ադրբեջանական կողմին շահավետ արդյունքները։

Ադրբեջանում թալիշ մտավորականները պարբերաբար ենթարկվել ու ենթարկվում են բռնաճնշումների։ Առավել աղմկահարույց էին երկու միջադեպեր.

«Թալիշի ձայն» (Tolişi Sədo) թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամեդովը, չնայած որ չեզոք դիրքորոշում ուներ Ադրբեջանի ներքաղաքական հարցերում, հետապնդումների էր ենթարկվում թալիշների ազգային ինքնագիտակցության բարձրացմանն ուղղված հրապարակումների համար։ 2007-ի փետրվարի 7-ին նրան մեղադրանքներ ներկայացվեցին «լրտեսության միջոցով հայրենիքին դավաճանության» համար։ Դատավճիռը կայացվեց 2008-ի հունիսի 24-ի առավոտյան՝ ընտանիքի անդամների, հարազատների, փաստաբանի ու լրագրողների բացակայության պայմաններում։ Նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման։ 2009-ի օգոստոսի 17-ին նա մահացավ բանտի հիվանդանոցում՝ բանտում դաժան պայմաններում պահվելու հետևանքով հիվանդանալու պատճառով։

Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև թերթի ներկայիս խմբագիրը՝ Հիլալ Մամեդովը։ Նրան ձերբակալել են 2012-ի հունիսի 21-ին՝ իբր թմրանյութեր պահելու մեղադրանքով: 2013-ի հունվարի 9-ին սկսվել է վերջինիս փակ դատավարությունը, որտեղ թալիշ խմբագրի դեմ ցուցմունք տվող վկաները հրաժարվել են իրենց բառերից, իսկ Մամեդովի հարազատներն ու փաստաբանները ենթարկվել են ճնշումների և հետապնդման։ 2013-ի դեկտեմբերի 26-ին Հիլալ Մամեդովին դատապարտել են 5 տարի ազատազրկման։ Նա լրագրողներին հավաստիացրել է, որ չի պատրաստվում համաներում խնդրել։ Դատարանի որոշումն առաջ է բերել միջազգային մի շարք իրավապաշտպան կառույցների քննադատությունը։

Տես նաև՝ Ֆրանսիական պարբերականն անդրադառնում է թալիշներին։

 


[1] Ադրբեջանի պաշտոնական վարկածով՝ «ազգային փոքրամասնությունները», սակայն հաշվի առնելով, որ Ադրբեջանը խիստ նվազեցնում է նրանց թվաքանակը, բարդ է հաստատապես ասել՝ արդյոք տեղին է «փոքրամասնություն» եզրն այս պարագայում։

[2] Թալիշներն Առաջավոր Ասիայի հնագույն, խոշոր իրանական էթնոսներից են: Լեզուն, որով խոսում են թալիշները, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական ճյուղի հյուսիս-արևմտյան՝ թաթ-թալիշյան ենթախմբին: Ադրբեջանում թալիշները հիմնականում բնակվում են հարավ-արևելյան հատվածում՝ դավանելով իսլամի շիական ուղղությունը, իսկ Իրանում՝ հյուսիս-արևմտյան հատվածում բնակվող թալիշները սուննի են: Ընդհանուր առմամբ թալիշական բնակչությունն առավել խիտ է Կասպից ծովի հարավ-արևմտյան շրջաններում։ http://hanragitaran.razm.info/wiki/%D4%B9%D5%A1%D5%AC%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *