Վրաստանն Աֆղանստան է ճանապարհում խաղաղապահների հերթական զորախումբը

Մարտի 20-ին Վրաստանի ամենամեծ «Վազիանի» զարավարժարանում խաղաղապահ առաքելության մեկնողների ճանապարհման հանդիսավոր միջոցառումն էր։ Վրացի զինծառայողների հերթական խումբը մեկնելու է Աֆղանստան, որտեղ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում իրականացնելու են խաղաղապահ առաքելություն։

Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և Եվրոպայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովային հետևակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռիչարդ Թրայոն, ինչպես նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ գնդապետ Մակսիմիլիան Էդերն ու զինված ուժերի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Զորախմբի մի մասը 6 ամիս ժամանակահատվածով ծառայության է անցնելու Աֆղանստանի Հիլմենդ նահանգում, իսկ մյուս մասը՝ Կանդագարի նահանգում։

Նշենք, որ մինչև Աֆղանստան մեկնելը վրացի զինծառայողները արագացված դասընթացների են մասնակցել ինչպես Վրաստանում, այնպես էլ Գերմանիայում։

Վրացի խաղաղապահները խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆղանստանում 2009 թվականից, ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։ Ներկայումս Աֆղանստանում ծառայում է 1500 վրացի։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրացի զինծառայողների ռոտացիա։

Մինչ օրս Աֆղանստանում զոհվել է 29 վրացի զինծառայող։ Այս փաստը վրացիների մոտ պարբերաբար դժգոհության ալիք է բարձրացնում։ Մասնավորապես, 2012-ի հոկտեմբերին Աֆղանստանի Հիլմենդ նահանգում մարտական առաջադրանք կատարելիս չպարզված հանգամանքերում զոհվել էր մեկ զինծառայող։

Հատկանշական է նաև, որ Վրաստանի ՊՆ-ն 2012-ին դժվարանում էր Աֆղանստանում ծառայելու նպատակով վրացի պայմանագրային զինծառայողների հավաքագրում կատարել: Վրացական մամուլի համաձայն՝ միայն 2012-ի առաջին քառորդում ավելի քան 100 զինվորական հրաժարվել է ծառայել Աֆղանստանում: Զորացրվելու մտադրությունից նրանց հետ չի պահել անգամ պայմանագրին չհետևելու դեպքում 17 հազար ԱՄՆ դոլար տուգանք վճարելու մասին օրենքը:

Վերջին աղկահարույց դեպքը գրանցվել էր 2013-ի հունիսի 6-ին։ Հիլմենդ նահանգում մահապարտ ահաբեկիչը վրացական ռազմաբազայում բեռնատար մեքենա էր պայթեցրել. զոհվել էր 7 վրացի զինծառայող, վիրավորվել՝ 9-ը։

Վրաստանի լեյբորիստական կուսակցությունն այս միջադեպից հետո առաջարկել էր հանրաքվե անցկացնել ու դուրս բերել վրացական ուժերն Աֆղանստանից։ Սակայն կառավարությունը որոշել էր շարունակել խաղաղապահ գործունեությունը, ինչի համար ԱՄՆ-ն հատուկ շնորհակալություն էր հայտնել Վրաստանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *