ՌԴ զինված ուժերի հոգևոր ծառայության հոգևորականները Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմազայի 500 միավոր ռազմատեխնիկան օծվել են։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այսպիսի միջոցառման անցկացումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր զինծառայողի փոխանցել հավատ զենքի և զինտեխնիկայի նկատմամբ։ Այսօր նաև սուրբ նահատակ Մերկուրի Սմոլենսկիի վանքում պատարագ է մատուցվել, որի ընթացքում էլ կնքվել են ուղղափառ եկեղեցու հետևորդ 100 զինծառայող»,- նշել է հայր Անդրեյը։
Բացի այդ, ռազմաբազայի հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքների հրամանատարի տեղակալն օծել է զինծառայողներին բաժանելու համար մոտ 200 թաշկինակ, ինչպես նաև ծառայողական վայրերը, ճաշարանը, պահեստը և ավելի քան 1,5 հազար միավոր հրազեն, ականանետեր։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Պայմանագիրը նախապես կնքվել էր 25 տարի ժամկետով, որից հետո 2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ այն երկարաձգվել է ևս 49 տարով 2044 թվականը։
Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ կայանով, Բուկ, Ստրելա-10 և Ս-300Վ զենիթահրթիռային, Կոնկուրս հակատանկային համակարգերով, Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանով, 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հրետանային համակարգով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայով, Տ-72Բ տանկով, ինչպես նաև ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։