Թալիբները հարձակվել են Քաբուլի հյուրանոցի վրա

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մարտի 21-ի առավոտյան ժամերին հարձակում է գրանցվել հյուրանոցներից մեկի վրա, որի հետևանքով սպանվել է նվազագույնը 8 հոգի։

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, սպանված քաղաքացիական անձանց շարքում կան երեխաներ և օտարազգի զբոսաշրջիկներ։ Այլ տվյալներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

Վերջին օրերին թալիբները հաճախ են հարձակում գործում հյուրանոցների վրա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարտի 20-ին տեղի ժամանակով 18։00-ի սահմաններում կենտրոնական «Սերենա» հյուրանոց էին ներխուժել անչափահաս 4 զինյալներ, որոնք հավանաբար «Թալիբան» ահաբեկչական խմբավորումից էին։ Զինյալները կրակ էին բացել հյուրանոցի անձնակազմի ու այցելուների ուղղությամբ։ Ուժային կառույցների ներկայացուցիչները չեզոքացրել էին նրանց։ Փոխհրաձգության պատճառով վիրավորվել էին 2 պահակներն ու անձնակազմից մեկ հոգի։

Նկատենք, որ սույն հարձակումներն արձանագրվել են Նովրուզի տոնակատարության շրջանում, որը մեծ շուքով նշվում է Աֆղանստանի տարածքում։ Բացի այդ, այս շրջանը համարվում է նախընտրական. ապրիլի 5-ին կայանալու են նախագահական ընտրություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *