ՌԴ զինուժում մեկնարկել է Սու-34 ռմբակոծիչների շահագործումը

Սու-34 ճակատային ռմբակոծիչն արդեն անցել է թռիչքային ու պետական փորձարկումների բոլոր փուլերը և համաձայն ՌԴ կառավարության որոշման՝ երկրի զինուժը սկսելու է շահագործել Սու-34 ճակատային ռմբակոծիչ

Սու-34 ճակատային ռմբակոծիչ

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, Սու-34 ռմբակոծիչները ՌԴ զինուժում փոխարինելու են Սու-24 ճակատային ռմբակոծիչներին։

Վերջին մի քանի տարիների ընթացքում ինքնաթիռների արտադրող «Սուխոյ» ռուսաստանյան ընկերությունը մի քանի խմբաքանակով նման ռմբակոծիչներ է տրամադրել ՌԴ օդուժին։ Դրանց սերիական արտադրությունն իրականացվել է Նովոսիբիրսկի՝ Չկալովի անվան ավիացիոն գործարանում։

2013-ի դեկտեմբերին «Սուխոյ» ընկերությունը Ռուսաստանի ռազմաօդային ուժերին արդեն փոխանցել էր 2008-ին կնքված պայմանագրով նախատեսված վերջին 4 միավոր Սու-34 ճակատային ռմբակոծիչները: Ընդհանուր առմամբ, այդ պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի ՌՕՈւ ավիապարկը համալրվել է 32 մարտական ինքնաթիռով:

2011-ին ՌԴ ԶՈւ ՌՕՈւ այդ ժամանակվա հրամանատար Ալեքսանդր Զելինը հայտարարել էր, որ նախատեսվում է ընդհանուր առմամբ ստանալ 120 միավոր Սու-34, որոնցից կկազմվի 5 էսկադրիլիա՝ յուրաքանչյուրում 24 ինքնաթիռ:

Սու-34-ը ճակատային կործանիչ-ռմբակոծիչ է։ Անձնակազմը 2 հոգոի է, առավելագույն թռիչքային զանգվածը կազմում է 45.000 կգ, ունակ է զարգացնել 1900 կմ/ժ առավելագույն արագություն, իսկ թռիչքի առավելագույն բարձրությունը 17.000 մետր է։ Իր վրա կարող է կրել միաժամանակ 12 ռումբ կամ հրթիռ։

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2008-ին՝ վրաց-օսական պատերազմի տարիներին, ՌԴ-ն կիրառել է այս ինքնաթիռները Հարավային Օսեթիայի տարածքում։ Դրանք ռադիոէլեկտրոնային պայքար են իրականացրել վրացական զինուժի հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *