Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել Ղրիմը և Սևաստոպոլը ՌԴ-ի կազմում ընդգրկելու, մարտի 18-ին կնքած պայմանագիրը վավերացնելու վերաբերյալ։
Օրենքի ստորագրման արարողությունը հեռարձակվում էր ՌԴ պետական հեռուստաընկերության եթերում։
Բացի այդ, նշենք, որ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ևս մի դաշնային սահմանադրական օրենք, որը լուծում է Ղրիմի ու Սևաստոպոլի՝ ՌԴ-ի կազմում որպես նոր սուբյեկտներ ընդգրկվելու գործընթացը։ Դրանցից ձևավորվելու է Ղրիմի դաշնային շրջանը, որտեղ էլ նախագահի քաղաքական ներկայացուցիչ է դառնալու Օլեգ Բելավենցևը։ Վերջինս ավելի վաղ ղեկավարել է ՊՆ-ի վերահսկողության ներքո գտնվող «Սլավյանկա» ընկերությունը։
Փաստաթղթի ստորագրման արարողությունը կայացել է Կրեմլի Եկատերինյան դահլիճում։ Դրան ներկա էին ՌԴ Պետդումայի երկու պալատների ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե է իրականացվել, որի քվեարկողների 96,6 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն, 3,4 տոկոսը՝ դեմ։ Ընդ որում, քվեարկությանը, համաձայն Ղրիմի իշխանություննների հաղորդած տվյալների, մասնակցել էր թերակղզու բնակչության 82,71 տոկոսը, քվեարկողները պատասխանել էին՝ կողմ են, որ «Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի սուբյեկտի իրավունքով», թե կողմ են, որ «վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրությունն ու Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում»։
Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում է՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։