ՀՀ-ում ՌԴ-ի ռազմաբազայի զինծառայողները գումարտակի մարտավարական զորավարժություն են անցկացնում

Հայաստանում տեղակայված բարձրլեռնային Ալագյազ և Կամխուդ զորավարժարաններում մարտական կրակով գումարտակի մարտավարական պարապունքներ են անցկացնում ՌԴ զինուժի հարավային ռազմական օկրուգի զինծառայողները։ Զորավարժությունը ղեկավարում է ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին։

Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վարժանքներին մասնակցում է ավելի քան 300 զինծառայող, օգտագործվում է մոտ 50 միավոր ռազմական տեխնիկա, ինչպես նաև ՀՌՕ-ի ավիացիան։

Մինչև բուն զորավարժության մեկնարկը, տանկերով և հրետանիով զինված գումարտակը մշտական տեղակայման վայրից 100 կմ  երթով գնացել է զորավարժարաններ։

Երթի ընթացքում զինծառայողները փորձել են հաղթահարել ավիացիայի, ինչպես նաև դիվերսիոն-հետախուզական խմբերի հարվածները։

Զորավարժության կրակային փուլի ժամանակ պայմանական հակառակորդի հրետանու և տանկերի ոչնչացման համար օգտագործվելու են հայրենական և ճակատային ավիացիան։

Զորավարժության ողջ ընթացքը վերհսկվելու է Նավոդչիկ-2 անօդաչու թռչող սարքի միջոցով։

Նշենք, որ դեռ 2014 թվականի փետրվարի սկզբին Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինվորականները փորձարկում էին «Նավոդչիկ-2» նոր անօդաչու թռչող սարքը։

«Նավոդչիկ-2» ԱԹՍ-ները կիրառում են հետախուզության և այլ շրջանակներում։ Ունակ են կատարել մարտական առաջադրանքներ օրվա տարբեր ժամերին՝ ֆոտո, վիդեո և ինֆրակարմիր մոդուլների շնորհիվ։ Դրանք թույլ են տալիս հակառակորդին հայտնաբերել նաև պատսպարաններում։

ԱԹՍ-ի առավելագույն արագությունը 120 կմ/ժ է, թռիչքի բարձրությունը՝ մինչև 3 հազար մ, զանգվածը՝ 7 կգ, գործարկման հեռավորությունը՝ մինչև 25 կմ, օդում կարող է մնալ 3 ժամ։