Վրաստանում է Եվրոպայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովային հետևակի հրամանատարը

Երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է Եվրոպայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովային հետևակի հրամանատար Ռիչարդ Թրայոն։ Նրան մարտի 19-ին ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլին և Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը։

Կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ուշադրության կենտրոնում են պահել Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացական զորախմբի հարցը։

Նրանք քննարկել են նաև 2015 թվականին ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին Վրաստանի մասնակցության, ինչպես նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովային հետևակի և Վրաստանի զինուժի համագործակցության հարցեր։

Հիշեցնենք, որ դեռ 2014 թվականի փետրվարի սկզբին ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ գեներալ-լեյտենանտ Կնուդ Բարտելսի հետ հանդիպմանը Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտնել էր, որ 2015 թվականից Վրաստանը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մաս կդառնա, իսկ հովանավոր երկիր կլինի ԱՄՆ-ն։