77-ամյա Մամիկոն Խոջոյանին վիրահատել են. վիճակը նորմալ է

Մարտի 19-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատվել է հունվարի 28-ին Ադրբեջանի սահմանն անցած ու գերի ընկած, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը։

Նշենք, որ ադրբեջանական կողմն արտահանձնել էր նրան մարտի 4-ին։ Նրա մարմնի վրա այդ ժամանակ խոշտանգումների հետքեր կային։

Ռազմինֆոն կապ հաստատեց Խոջոյանի դստեր՝ Հեղինե Խոջոյանի հետ՝ նախկին գերու առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու նպատակով։ Դուստրը վկայեց, որ վիրահատությունը, համաձայն բժիշկների, լավ է անցել, սակայն ցավում է, որ հայրը ներկա դրությամբ ոչ մի հարազատի, այդ թվում՝ իրեն չի ճանաչում։

Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանի վիճակն հանձնումից հետո ծանր էր, բուժզննման հետևանքով պարզ էր դարձել՝ նրան Ադրբեջանում ենթարկել էին կտտանքների։

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները կտրականապես հերքում են, որ Խոջոյանի նկատմամբ բռնություն է կիրառվել, սակայն դեռևս հունվարի 31-ին ադրբեջանական Anspress լրատվակայքի հետ զրույցում ադրբեջանցի ռազմական լրագրող Ռահիբ Գարիբը ասել էր՝ հնարավոր է Խոջոյանին ծեծել են Ադրբեջանում, լուրը հաստատել էր նաև ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։ Ուզեիր Ջաֆարովը ծեծի մեթոդներն անվանել է «հնացած տեխնոլոգիաներ»՝ հավելելով, որ անհրաժեշտ է փոխել Ադրբեջանի մոտեցումները։

Հավելենք, որ հունվարի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր՝ իբր Տավուշից Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղ է անցել «հայ զինված դիվերսանտ», ՀՀ ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունը։

Ռազմինֆոյին հաջողվել էր պարզել, որ սահմանն անցածն իրականում 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանն է. նա հունվարի 28-ին դուրս էր եկել գյուղից անհայտ ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *