ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան հեռուստատեսության եթերում անդրադարձել է Ուկրաինայի հիմնախնդրին՝ նշելով, որ ԱՄՆ-ն ռազմական միջամտություն չի ցուցաբերի երկրի ներքին գործերին։
Ինչպես հետևում է ամերիկյան NBC հեռուստաընկերության հարցազրույցից, Օբաման նկատել է՝ նույնիսկ Ուկրաինայի բնակիչները պետք է խոստովանեն, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի ռազմական հակամարտությունն անհարկի կլիներ թե´ ԱՄՆ-ի ու թե´ՌԴ-ի, ինչպես և Ուկրաինայի համար։
Այնուհանդերձ, Օբաման ընդգծել է՝ ԱՄՆ-ն չի հրաժարվում ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառման գաղափարից։ ԱՄՆ-ն, ըստ նախագահի, մտադիր է մոբիլիզացնել երկրի ողջ դիվանագիտական ներուժը, որպեսզի այդ կերպ հանդես գա ՌԴ-ի՝ Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու գործընթացի դեմ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, եվրոպական մի շարք երկրներ Ղրիմի շուրջ ծավալված իրադարձությունների սկզբից ի վեր սպառանալիքներ են հղել Ռուսաստանին տնտեսական ու դիվանագիտական պատժամիջոցների կիրառման տեսքով։ Այնուհանդերձ, ըստ էության, սպառնալիքների մեծ մասն ի կատար չի ածվել։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է իրականացրել ոչ թե ՌԴ-ի, այլ ռուսաստանյան և ուկրաինացի 11 պաշտոնյաների դեմ, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեին Ղրիմի հանրաքվեի կազմակերպման գործընթացի, մարտի 18-ին Ղրիմի ու ՌԴ-ի միջև ստորագրված պայմանագրի հետ։
ԵՄ-ն ևս անմասն չի մնացել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից՝ որոշում կայացնելով դրանք կիրառել 21 ռուսաստանցի և ուկրաինացի պաշտոնյաների դեմ։ Սույն պատժամիջոցները ենթադրում են ԵՄ անդամ երկրներ նրանց մուտքի արգելում և եվրոպական բանկերում որոշ հաշվեհամարների սառեցում։
Ռուսաստանի Պետդուման էլ իր հերթին հանդես եկավ կոչով՝ առաջարկելով եվրոպացի գործընկերներին առկա պատժամիջոցները տարածել ոչ թե 21, այլ Պետդումայի անդամ բոլոր պատգամավորների վրա։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմի հանրաքվեի քվեարկողների 96.6 տոկոսը կողմ էր արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն, 3.4 տոկոսը՝ դեմ։ Ընդ որում, քվեարկությանը, համաձայն Ղրիմի իշխանություննների հաղորդած տվյալների, մասնակցել էր թերակղզու բնակչության 82.71 տոկոսը, քվեարկողները պատասխանել էին՝ կողմ են, որ «Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի սուբյեկտի իրավունքով», թե կողմ են, որ «վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրությունն ու Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում»։
Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում է՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։