Ղրիմի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունն ինքնագովազդ է. Բորդյուժա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Ղրիմի և Ուկրաինայի վերաբերյալ արված հայտարարությանը՝ այն անվանելով «Ուկրաինայի ներքաղաքական խնդիրների հաշվին ինքնագովազդվելու ցանկություն»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, Բորդյուժան շեշտել է՝ ՆԱՏՕ-ին և այլ ռազմական դաշինքներին Ուկրաինայի ներքին հակամարտությունը լուծելու գործընթացին կցելը սադրիչ քայլ է և ոչ արդյունավետ։

«Հատկապես մեծ զարմանք են հարուցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսսենի հայտարարությունները՝ իբր անհրաժեշտ է միջազգային մակարդակի պատասխան տալ Ուկրաինայում ՌԴ-ի քայլերին, որը «խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, ուստի ՆԱՏՕ-ի՝ ռազմաքաղաքական դաշինքի միջոցով ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու փորձերը զուտ ինքնագովազդ անելու ցանկություն են»,-ընդգծել է Բորդյուժան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անդերս ֆոգ Ռասմուսսենը հայտարարել էր՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն ճանաչել ու չեն ճանաչելու Ղրիմի՝ մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքները, քանի որ դրանք «խախտում են Ուկրաինայի Սահմանադրությունն ու միջազգային իրավունքի նորմերը», բացի այդ էլ, ըստ Ռասմուսսենի, հանրաքվեն հօդս է ցնդեցնում Ուկրաինայի ճգնաժամին քաղաքական լուծումներ գտնելու փորձերը։

Հիշեցնենք, որ 2013-ի փետրվարին Ուկրաինայում ցույցերի ալիքից հետո իշխանության եկան ընդդիմադիր ուժերը։ Ղրիմը հրաժարվեց ճանաչել կենտրոնական իշխանությունը և ՌԴ-ին միանալու ցանկություն հայտնեց։ Մարտի 16-ին Ղրիմի հանրաքվեի արդյունքով թերակղզու բնակչության 96.6 տոկոսը կողմ քվեարկեց ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն։ Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր ստորագրեցին, որը ենթադրում է՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։

Ավելի վաղ Ղրիմի տարածքում առանց տարբերանշանների տասնյակ հազարավոր զինծառայողներ, ովքեր իրականում ՌԴ ԶՈւ-ից էին, վերահսկողություն էին հաստատել Ղրիմի վարչական ու ռազմավարական կարևոր օբյեկտների վրա։ ՌԴ-ն մինչ օրս պաշտոնապես հերքում է, որ նրանք կապ ունեն ՌԴ զինուժի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *