Վրաստանը կանդամակցի Հարավ-արևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարների համակարգման խորհրդին

Վրաստանի պաշտպանության նախարարությունը կդառնա Հարավարևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարների համակարգման խորհրդի անդամ։ Վրաստանի կառավարությունն արդեն համաձայնություն է տվել ներգրավմանն ու պաշտպանական գերատեսչությանը հանձնարարել համապատասխան նամակ ուղարկել համակարգման խորհրդին։

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Բացի այդ, Վրաստանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարություններն անդամության համար անհրաժեշտ ներպետական որոշակի գործընթացներ պիտի տանեն։

Հարավ-արևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարների համակարգման խորհրդը ստեղծվել է 1996 թվականին։ Վրաստանը պաշտպանության նախարարների հանդիպումներին մասնակցում էր դիտորդի կարգավիճակով դեռևս 2006 թվականից։

Այս կառույցի նպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովումն է, ինչպես նաև մասնակից երկրների ներգրավումը եվրաատլանտյան կառույցներում։