«Գազպրոմը» հետաքրքրված է Ղրիմի նավթ և գազ արդյունահանող ընկերությամբ

Ռուսաստանյան  «Գազպրոմ» ընկերությունը լրջորեն հետաքրքրված է ուկրաինական նավթ և գազ արդյունահանող «Չերնոմորնեֆտեգազ» ընկերության գնման հեռանկարներով։ Վերջինս Սև ծովի մայրցամաքային ելուստից արտահանում է տարեկան մոտ 2 մլրդ մ³ գազ։

Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը, հղում կատարելով Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևի խոսքերին։ Այնուհանդերձ, «Գազպրոմից» հրաժարվել են մեկնաբանություններ տալ։

Տեմիրգալիևը վկայել է, որ Ղրիմի Սեփականության հիմնադրամն առաջիկայում սկսելու է պայմաններ մշակել «Չերնոմորնեֆտեգազի» մասնավորեցման մրցույթի համար։ Դրան կարող են մասնակցել թե´ ռուսաստանյան, թե´ միջազգային ընկերությունները։

Նշենք, որ ավելի վաղ Ղրիմի Գերագույն խորհրդի խոսնակը հայտարարել էր՝ Ղրիմում նավթի ու գազի արդյունահանմամբ պետք է զբաղվեն ռուսաստանյան ընկերությունները։

Հիշեցնենք նաև, որ մարտի 17-ին՝ հանրաքվեից մեկ օր անց, Ղրիմի իշխանությունները շտապել էին ազգայնացնել «Չենրոմորնեֆտեգազի» ակտիվները, որոնք մինչ այդ պատկանում էին Ուկրաինայի իշխանություններին։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ «Չերնոմորնեֆտեգազի»  ղեկավարի նախկին տեղակալ Վլադիմիր Պելչունն ուկրաինական Forbes առցանց պարբերականի հետ հարցազրույցում պատմել է՝ Ղրիմի վարչապետը դեռևս մարտի 13-ին ժամանել էր իրենց ընկերության գրասենյակ, նույն օրը նշանակել նոր ղեկավարություն՝ վկայելով, որ գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքով։ Ըստ աղբյուրի՝ Տեմիրգալիևն այնուհետև հայտարարել էր՝ «Չենրոմորնեֆտեգազը» ազգայնացնելուց հետո դրա տեղում նոր ընկերություն է ստեղծվելու, որը զբաղվելու է Սև ծովի նավթագազային հանքերի արդյուհանմամբ, իսկ որոշ ժամանակ անց սույն ընկերությունը դառնալու է «Գազպրոմի» մասնաճյուղերից մեկը։

Նկատենք, որ Ղրիմի շուրջ գերտերությունների հակասությունների հիմքում առկա է նաև նավթագազային գործոնը։

2013-ի նոյեմբերին Ուկրաինայի այն ժամանակվա իշխանությունները դադարեցրել էին ռուսաստանյան «Լուկօյլի» հետ համագործակցությունը Սև ծովի  նավթի ու գազի արդյունաբերություն իրականացնելու շրջանակներում՝ փոխարենը նախապատվություն տալով ֆրանսիական ու իտալական ընկերություններին։ Ինչպես  տեսնում ենք, Ղրիմը ՌԴ-ի կազմում ընդգրկելու որոշումը թույլ է տալիս, որպեսզի ՌԴ-ն նավթագազային գերակայություն ստանա տարածաշրջանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *