Իրադրությունը Ղրիմում. մարտի 19. թարմացվող լրահոս

«Մայդանից» հետո, երբ Ուկրաինայում փաստացի փոխվեց իշխանությունը, ուշադրությունը վերջին շրջանում Ղրիմի վրա է, որտեղ տեղի ռուսալեզու բնակչությունը չի ընդունում Կիևում վերջերս հաստատված նոր իշխանությանը և հանրաքվե է անցկացրել՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու համար։
Ներկայում Ղրիմում իրավիճակը վերահսկում են Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, թեև պաշտոնապես Մոսկվան չի ընդունում դա, իսկ Ուկրաինան փորձում է իր բանակը մարտական պատրաստության բերել։
Մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որի մասնակիցների 96 տոկոսը կողմ քվեարկեցին Ռուսաստանին միանալուն։ Մարտի 18-ին էլ պայմանագիր ստորագրվեց, որով Ղրիմը մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ։ Այս ամենի արդյունքում ստեղծված իրավիճակին հետևելու համար կարող եք հետևել Ռազմինֆոյի թարմացվող լրահոսին։
15:30-ՌԴ-ի Սահմանադրական դատարանն օրինական է ճանաչել Ղրիմը ՌԴ-ի կազմում ընդգրկելու, մարտի 18-ին կնքած պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ինտեֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Սահմանադրական դատարանի նախագահ Վալերիյ Զորկինի խոսքերին։ Ըստ աղբյուրի՝ նիստը կայացել է փակ ձևաչափում։ Զորկինը վկայել է, որ պայմանագրի օրինական լինելը վիճարկող կողմ չի եղել։
Հիշեցնենք, որ պայմանագրի համաձայն՝ մինչև 2015-ի հունվարի 1-ն անցումային շրջան է, որի ժամանակ Ղրիմն ու Սևաստոպոլը կինտեգրվեն ՌԴ-ի իրավական, տնտեսական, ֆինանսական ու վարկային համակարգ։ Պաշտոնական Կիևը պայմանագիրն ապօրինի է համարում։
***
13:00-Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը լրջորեն հետաքրքրված է ուկրաինական նավթ և գազ արդյունահանող «Չերնոմորնեֆտեգազ» ընկերության գնման հեռանկարներով։ Վերջինս Սև ծովի մայրցամաքային ելուստից արտահանում է տարեկան մոտ 2 մլրդ մ³ գազ։
***
12:55 ” Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովը թվիթերյան իր էջում հայտնել է, թե նախօրեին կրակ բացած դիպուկահարը ձերբակալվել է։ «Երեկ Սիմֆերոպոլում զինծառայողների վրա կրակ արձակած հրաձիգը ձերբակալվել է։ Մանրամասները ցնցող են»,-նման գրառում է կատարել Աքսենովը։ Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություններ տարածվեցին, թե անհայտ դիպուկահարը կրակ է արձակել Ղրիմում ուկրաինացի զինծառայողների և տեղի ինքնապաշտպանական ուժերի անդամների վրա, ինչի հետևանքով 2 մարդ էր սպանվել։
***
12:45 ” Ղրիմի Կիրովսկ բնակավայրից ոչ հեռու տեղակայված օդակայան են տեղափոխվել Ռուսաստանի զինված ուժերին պատկանող 11 միավոր Օսա զենիթահրթիռային համալիրներ։ Այս մասին հայտնել են ղրիմյան լրատվամիջոցները։ Օդակայանը պատկանում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերին։
***
11:40 ” Սևաստոպոլում Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի դիմաց վաղ առավոտյան սկսված ցույցի մասնակիցները գրոհով վերցրել են այն։ Ցուցարարները ուկրաինական զինուժի շտաբի վրա տեղադրել են Ռուսաստանի դրոշը։
***
11։30 ” Մարտի 18-ի երեկոյան Ղրիմի նորանկախ հանրապետության մայրաքաղաք Սիմֆերոպոլում սրվել է իրավիճակը։ Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ շենքերից մեկի պատուհանից կրակ է բացվել այսպես կոչված ինքնապաշտպանական ուժերի մարտիկների ուղղությամբ, ինչի հետևանքով կա մեկ զոհ, երկու վիրավոր։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղրիմում տեղակայված Ուկրաինայի ԶՈւ օպերատիվ ապահովման գլխավոր վարչության շենքը ենթարկվել է գրոհի, որին մասնակցել են ՌԴ զինված ուժերի համազգեստով և տարբերանշաններ չունեցող զինծառայողներ։ ՊՆ-ի հաղորդմամբ՝ գրոհի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ԶՈւ զինծառայող, ենթասպա Կակուրինը, ով այդ պահին հերթապահում էր դիտորդական աշտարակում, ևս մեկ զինծառայող ծանր վիրավորվել է։ Ավելի ուշ Ղրիմի ոստիկանությունը հայտնել է երկու հոգու՝ ուկրաինական զինվորականի և թերակղզու «ինքնապաշտպանության ուժերի» մարտիկի սպանության և մի քանի վիրավորի մասին։ Կատարվածը որակված է որպես սադրանք, հայտնվում է միջադեպի հետաքննության անցկացման մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *