Իսրայելի օդուժը հրթիռակոծել է Գոլանի բարձունքների սիրիական հենակետերը

Իսրայելի ԶՈւ ռազմաօդային ուժերը մարտի 19-ին հրթիռային հարվածներ է հասցրել Գոլանի բարձունքներում տեղակայված սիրիական ռազմական օբյեկտներին՝չթաքցնելով, որ իրենց համար այդ թվում թիրախ են եղել սիրիական հրամանատարական շտաբը, ռազմական ուսումնական կենտրոնն ու հրետանային ստորաբաժանումները։


Գոլանի բարձունքներ

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հղում կատարելով ՑԱԽԱԼ-ի խոսնակ, փոխգնդապետ Փիթեր Լերնենի խոսքերին, Իսրայելի՝ սիրիական օբյեկտների հրթիռակոծումը պատասխան քայլ է մարտի 18-ին Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու ֆուգասի պայթյունի հետևանքով իսրայելցի 4 զինծառայողների վիրավորվելու միջադեպին։ Իսրայելական կողմը պնդում է, որ դրանում մեղավոր է Սիրիան և չի հանդուրժելու «նմանատիպ բռնությունները Սիրիայի կողմից»։

Հիշեցնենք, որ 1967-ին Սիրիայի դեմ պատերազմի հետևանքով Իսրայելը գրավել էր Գոլանի բարձունքները՝ ավելի ուշ հայտարարելով դրանց անեքսիայի մասին։ Սակայն Գոլանի բարձունքները միջազգայնորեն ճանաչում չգտան որպես Իսրայելի մի մաս, իսկ պաշտոնական Դամասկոսը մինչ օրս դրանք համարում է Սիրիայի տարածքի մի հատված։

Նկատենք, որ 1973-ից մինչ օրս Իսրայելի և Սիրիայի հարաբերությունները սրված են, սակայն վերջին երեք տարիների ընթացքում՝ Սիրիայի ներքին հակամարտության ժամանակահատվածում, Գոլանի բարձունքներում սիրիաիսրայելական միջադեպերը եզակի են դարձել։

Այնուհանդերձ, հավելենք՝ 2013-ի ընթացքում լուրեր շրջանառվեցին, որ Իսրայելը մի քանի անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային։ Իսրայելական կողմը պաշտոնապես ո´չ հերքել, ո´չ հաստատել էր նման լուրերը, իսկ ոչ պաշտոնական աղբյուրների վկայությամբ՝ հրթիռային հարվածներն ուղղված էին եղել ոչ թե Սիրիայի զինուժին կամ խաղաղ բնակչությանը, այլ «Հըզբոլլահ» շարժման անդամներին, որոնք, ըստ Իսրայելի, պատսպարվում են Սիրիայի տարածքում։

«Հըզբոլահհ»-ն իր հերթին 2014-ի փետրվարին մեղադրանքներ է հղել Իսրայելին Սիրիայի ու Լիբանանի սահմանին իր ռազմակայաններից մեկի ռմբակոծման առնչությամբ՝ զգուշացնելով, որ պատասխան հարվածը չի ուշանալու։ Իսրայելը հայտարարել է՝ եթե «Հըզբոլլահ»-ը հարձակում գործի իսրայելական օբյեկտների վրա Լիբանանի տարածքից, ապա դրա պատասխանատվությունը կընկնի Լիբանանի կառավարության ուսերին։