ԱՄՆ ռազմածովային ուժերը կհամալրվի ատոմային նոր սուզանավով

ԱՄՆ ռազմածովային ուժերը 2014-ի մայիսի 31-ին կհամալրվի Virginia դասի ատոմային նոր սուզանավով։ Հարվածային սուզանավը ստացել է North Dakota (Հյուսիսային Դաքոթա) անվանումը՝ ի պատիվ ԱՄՆ համանուն նահանգի։ Նշվում է, որ վերջին 90 տարիների ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ ԱՄՆ ՌԾՈւ ռազմանավը անվանակոչվում է այդ նահանգի անունով։ Այս մասին հաղորդում է ամերիկյան Wday լրատվակայքը :

Ռազմածովային ուժերի փոխծովակալ Ռիք Բրեքենրիջը նշել է, որ սուզանավը լինելու է ԱՄՆ նավատորմի լավագույն նմուշներից մեկը և իր մեջ ամփոփելու է ոլորտի առաջատար տեխնոլոգիաները։ Սուզանավը շահագործման է հանձնվելու 2014 թվականի մայիսի 31-ին Բոստոնում կայանալիք հանդիսավոր միջոցառման ժամանակ։

Նշենք, որ Virginia (Վիրջինիա) դասի North Dakota սուզանավի կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2003-ին։ 131 հոգանոց անձնակազմ ունեցող սուզանավի ջրատարողությունը 7 800 տոննա է։ Նավի երկարությունը 115 մետր է, լայնությունը՝ 10.4 մետր։ Այն կարող է սուզվել մինչև 240 մետր խորության վրա, արագությունը մինչև 50 կմ/ժ է։

Հավելենք նաև, որ սուզանավն իր սպառազինությունում տորպեդներից բացի ունի նաև Tomahawk հրթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *