Մոլդովայի Գագաուզիա ինքնավարությունը ցանկանում է սեփական բանակն ունենալ

Մոլդովայի տարածքում ընդգրկված Գագաուզիայի ինքնավարությունը հայտարարել է Ազգային գվարդիայի ստեղծման մասին, որն էլ հետագայում կարող է հիմք դառնալ զինված ուժերի համար։

Ինչպես հաղորդում է գագաուզական gagauzinfo.md լրատվակայքը, նման որոշում է ընդունել Գագաուզիայի խորհրդարանը 2014-ի մարտի 14-ին՝ 25 «դեմ», 35 «կողմ» ձայների բաշխմամբ։ Որպես զինված ուժերի ստեղծման պատճառ հիշատակվում է այն հանգամանքը, որ օրեր առաջ Գագաուզիայի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում ապօրինի խուզարկում էին կատարել և նրանց հետապնդում են, ուստի սեփական պաշտպանական միջոցներ ունենալու կարիք կա։

Նկատենք, որ Գագաուզիան այս որոշումը կայացրել է Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձությունների շրջանում, երբ արդեն հայտնի էր Ղրիմի՝ ՌԴ-ին միանալու ծրագրերի մասին։

Հիշեցնենք, որ Գագաուզիան ինքնավար վարչական միավոր է համարվում Մոլդովայի Հանրապետության կազմում 1994-ից սկսած։ Դրա բնակչությունը կազմում է շուրջ 150 հազար հոգի, որոնց 82 տոկոսը թյուրքախոս են՝ գագաուզներ։ 2014-ի փետրվարի 2-ին Գագաուզիան հանրաքվե անցկացրեց, որի արդյունքում բնակչության 98 տոկոսը կողմ արտահայտվեց Մաքսային միությանն անդամակցմանը։ Դեռևս 2014-ի հունվարի 7-ին Մոլդովայի դատարանն արգելել էր հանրաքվեների անցկացումը Գագաուզիայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *