Հայտնի են դարձել Հնդկաստանում նախագծվող FMBT նոր տանկի մասին որոշ տվյալներ

Հնդկաստանում նոր նախագծվող FMBT (Future Main Battle Tank) տանկի կառուցվածքի մասին տվյալները հայտնի են դարձել, երբ ուկրաինական Ուկրօբորոնպրոմ պետական ընկերությունը տանկի նախագծման վերաբերյալ առաջարկներով է հանդես եկել Հնդկաստանում անցկացված Defexpo-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։

Հնդկաստանում նախագծվող FMBT տանկի ենթադրվող կառուցվածքը։ Նկարը andrei-bt.livejournal.com բլոգի

 

Ըստ համացանցում տեղադրված հոլովակի, որում ուկրաինական ընկերությունը ցուցադրում է իր առաջարկները՝ տանկը չունի դասական կառուցվածք։ Տանկի շարժիչատրանսմիսիոն հանգույցը տեղավորված է տանկի առջևի մասում, իսկ անձնակազմը, որ երկու հոգի է, տեղավորվում է շարժիչի ու կից սարքավորումների հետևում՝ տանկի աշտարակի տակ։ Աշտարակն այսպիսով նույնպես ազատ է մնացել, այնտեղ զինծառայողներ չեն լինելու։

Նախագծման այս տարբերակի շնորհիվ շարժիչը, լինելով առջևում, հավելյալ պաշտպանությամբ է ապահովում տանկի անձնակազմին։ Իսկ աշտարակը «անբնակ» նախագծելը, թույլ է տալիս այն ավելի բարակ սարքել, ինչից տանկի ընդհանուր բարձրությունը փոքրանում է, ու տանկն ավելի աննկատ է դառնում։

Նոր նախագծվող տանկի աշտարակի հետնամասում ուկրաինական կողմն առաջարկում է ամրացնել արկերի լիցքավորման ավտոմատացման սարքավորում, որը թույլ կտա հավելյալ տեղ ազատել տանկի ներսում։ Տանկի իրանի հետնամաս կտեղափոխվեն վառելիքի բաքերը ու սարքավորումները, ինչպես նաև հավելյալ արկեր թնդանոթի համար։ Ազատ հատվածը հնարավոր կլինի օգտագործել նաև դեսանտի տեղափոխման համար։ Այս մասով է ապահովվելու նաև տանկի անձնակազմի ելքը։

Տանկի կառուցվածքի այսպիսի տարբերակը, սակայն, ունի նաև թերություններ։ Շարժիչը առջևում տեղադրելու պատճառով տանկի ծանրության կենտրոնը տեղափոխվում է առաջ, ինչի արդյունքում խախտվում է նրա հավասարակշռությունը։

FMBT տանկի ենթադրվող արտաքին տեսքը։ Նկարը andrei-bt.livejournal.com բլոգի

Ուկրաինական կողմն այս տանկի վրա առաջարկել է տեղադրել կրակի կառավարման նոր համակարգ ու նավիգացիոն սարքավորումներ, յուրային ռազմական տեխնիկան ճանաչելու համակարգ, նոր ռադիոկայաններ, հրամանատարի ու նշանառու-օպերատորի դիտման սարքավորումներ, այլ սարքավորումներ ու սպառազինություն։

Այս փոփոխությունները ուկրաինական կողմն առաջարկել է կատարել ոչ միայն նոր նախագծվող FMBT (Future Main Battle Tank) տանկերի, այլև Հնդկաստանի զինված ուժերի սպառազինության Տ-72 տանկերի ու այլ զրահատեխնիկայի վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *