Թուրքիան, որը դարեր շարունակ Ռուսաստանի հետ պայքարել է Սև ծովում կարևորագույն ռազմավարական դիրք զբաղեցնող Ղրիմի համար, Ուկրաինայում վերջին զարգացումներին համընթաց ուշադրության կենտրոնում է պահում նաև Ղրիմի թաթարների հարցը, ովքեր կազմում են թերակղզու բնակչության շուրջ 13 տոկոսը (շուրջ 260 000 մարդ)։
Պաշտոնական Անկարայի դիրքորոշմամբ՝ «Ղրիմի անջատումն Ուկրաինայից անընդունելի է, և Թուրքիան կողմ է միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը»։ Պաշտոնական Անկարան շեշտում է, որ «Թուրքիայի համար խիստ կարևոր է իրենց ցեղակիցների՝ Ղրիմի թաթարների ճակատագիրը»։
Թուրքիայի համար այս հարցի կարևորությունն ընդգծելու համար փետրվարի 28-ին Կիև մեկնեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ով հանդիպեց ինչպես ուկրաինացի դիվանագետներին, այնպես էլ Ղրիմի թաթարների ներկայացուցիչներին[1]։
Մարտի 16-ին Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեից էլ առաջ թուրք պաշտոնյաները հայտարարում էին, թե այն անընդունելի է և չի կարող օրինական ճանաչվել։ Հանրաքվեի անցկացումից հետո ևս Թուրքիայի առաջին այրերն իրենց հայտարարություններով վերահաստատեցին դա։
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մարտի 16-ին, երբ անցկացվում էր հանրաքվեն, Իզմիր քաղաքում ընդունեց Ղրիմի թաթարների խորհրդարանի նախկին նախագահ Մուսթաֆա Ջեմիլևին[2]։ Հանդիպմանը Ջեմիլևը ներկայացրեց Ղրիմում վերջին զարգացումները, ինչպես նաև Ղրիմի թաթարների դրությունը։ Էրդողանը հանդիպումից հետո վերստին ընդգծեց, որ Թուրքիան ջանքեր է գործադրում, որպեսզի կանխի թերակղզում հնարավոր բախումները, ապահովի Ղրիմի թաթարների անվտանգությունը, ապա շեշտեց, թե պաշտոնական Անկարան կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը[3]։ Էրդողանը շեշտեց, որ Թուրքիան չի ճանաչելու հանրաքվեի արդյունքները[4]։
Դավութօղլուն Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից առաջինն էր, ով Ղրիմի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ։ Նույն Ջեմիլևի հետ հանդիպումից հետո մարտի 17-ին Թուրքիայի ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն նշեց, թե «իրենք հանրաքվեն համարում են անօրինական»[5]։
«Մենք ցանկանում էինք, որպեսզի այս հանրաքվեն չկայանա։ Ներկայում էլ այն համարում ենք ոչ օրինական։ Այն չունի իրավական հիմք»,-հայտարարեց Դավութօղլուն՝ հավելելով, թե «ներկայում ստեղծված իրավիճակից ելք, այնուամենայնիվ, կա, և պետք է աշխատել դիվանագիտական ճակատում»։ Դավութօղլուն վերահաստատեց, որ պաշտոնական Անկարան խնդրի լուծումը տեսնում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության համատեքստում[6]։
Դավութօղլուի հայտարարությանը զուգահեռ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն տարածեց, որում նույնպես նշեց, թե Ղրիմի հանրաքվեն անօրինական է, և Թուրքիան չի ճանաչում այն։
«2014 թվականի մարտի 16-ին անցկացված Ղրիմի հանրաքվեն իրավական որևէ հիմք չունի, Թուրքիան այն չի ճանաչում։ Թուրքիան կողմ է Ուկրաինայի ճգնաժամի՝ այդ երկրի անկախության, ինքնիշխանության, քաղաքական միասնության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարական սկզբունքների, օրենքի և միջազգային իրավունքի շրջանակներում լուծմանը »,-նշված է հայտարարությունում, որտեղ առանձին խոսվում է նաև Ղրիմի թաթարների վերաբերյալ. «Պատմության ընթացքում մեծ ցավեր ապրած և Ղրիմի կարևոր տարրերից մեկը հանդիսացող Ղրիմի թաթարների անվտանգությանը մեծ կարևորություն և առաջնահերթություն է տրվում։ Այս մասին Թուրքիան մշտապես բարձրաձայնել է տարբեր միջզագային կազմակերպություններում»։ Հայտարարությունում նաև նշված է. «Կարծում ենք՝ մոտ ապագայում Ուկրաինայում և մասնավորապես Ղրիմում զարգացումները կարող են բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա։ Կոչ ենք անում կողմերին խնդրին քաղաքական լուծում տալ վերը նշված սկզբունքների հիման վրա»: [7]
Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը, ով այցով Շվեյցարիայում է, մարտի 17-ին հրավիրված ասուլիսին հայտարարեց, թե Անկարան չի ճանաչում և չի ճանաչի Ղրիմի հանրաքվեն, որը, ըստ նրա, անօրինական է։ Չիչեքը հավելեց, թե շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել Ղրիմի թաթարների խնդիրները։ ԹԱՄԺ-ի խոսնակը նաև հղում կատարեց Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական հայտարարությանը՝ նշելով, որ այնտեղ արտացոլված է իրենց տեսակետը[8]։
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով պաշտոնական այցով Դանիայում էր, մարտի 18-ին անդրադարձել է Ղրիմի հանրաքվեի թեմային՝ վերստին ընդգծելով թուրքական պետության պաշտոնական մոտեցումն այդ հարցում։
«Ղրիմի հանրաքվեն կարող է նոր սառը պատերազմի պատճառ դառնալ, ինչից որևէ մեկն օգուտ չի ստանա»,-նշել է Թուրքիայի նախագահը։
Թուրքիայի վարչապետ Էրդողանն էլ հայտարարությամբ է հանդես եկել միայն մարտի 16-ին՝ հանրաքվեի անցկացման օրը, երբ, ինչպես վերը նշեցինք, հանդիպել է Ջեմիլևին։ Հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Էրդողանը դեռ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը։
[1] Dışişleri Bakanı Davutoğlu Kırım temasları için Ukrayna’ya gitti, T24, 1.03.2014, http://t24.com.tr/haber/disisleri-bakani-davutoglu-kirim-temaslari-icin-ukraynaya-gitti/252281.
[2] Թուրքական լրատվամիջոցները Մուսթաֆա Ջեմիլևի ազգանունը ներկայացնում են փոխված տարբերակով՝ Քըրըմօղլու, այսինքն՝ Մուսթաֆա Քըրըմօղլու։
[3] Başbakan Erdoğan Kırım Tatar Önderi Kırımoğlu ile görüştü, AA, 16.03.2014, http://www.aa.com.tr/tr/s/301883”basbakan-erdogan-kirim-tatar-onderi-ile-gorustu.
[4] Başbakan Erdoğan’dan sürpriz Kırım görüşmesi, MyNet Haber, 17.03.2014, http://www.mynet.com/haber/politika/basbakan-erdogandan-surpriz-kirim-gorusmesi-1120339-1.
[5] Türkiye Kırım’daki referandumu tanımıyor, CNN Turk, 16.03.2014, http://www.cnnturk.com/haber/turkiye/turkiye-kirimdaki-referandumu-tanimiyor.
[6] Kırım’daki referandumun meşruiyeti yok, AA, 17.03. 2014, http://www.aa.com.tr/tr/s/302156”kirimdaki-referandumun-mesruiyeti-yok.
[7] No: 86, 17 Mart 2014, Kırım’da Düzenlenen Referandum Hk., Թուրքիայի ԱԳՆ, 16.03.2014, http://www.mfa.gov.tr/no_-86_-17-mart-2014_-kirim_da-duzenlenen-referandum-hk.tr.mfa.
[8] Çiçek:Kırım’da yaşayan Tatar soydaşlarımız var, TRT Haber, 17.03.2014, http://www.trthaber.com/haber/gundem/cicekkirimda-yasayan-tatar-soydaslarimiz-var-121350.html.
Pingback: Ղրիմի թաթարները հայտնում են Թուրքիայի ռազմական օգնությամբ թերակղզին գրավելու ծրագրերի մասին | Ռազմ.info