Ֆրանսիան կարող է դադարեցնել Ռուսաստանին ուղղաթիռակիր նավեր տրամադրելու պայմանագիրը

Ֆրանսիական կողմը կարող է չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ 2013-ին կնքված պայմանագիրը, որով նախատեսված է, որ Ֆրանսիան երկու Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավ պիտի տրամադրի ռուսական կողմին։ Գործարքի չեղյալ հայտարարումը կարող է խնդիրներ առաջացնել նաև Ֆրանսիայի համար։

Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը։ Ֆրանսիական կողմը պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարել, եթե Ռուսաստանը շարունակի իր ներկա քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ։ Սակայն, ըստ նախարարի, Ֆրանսիան չի կարող Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կիրառել միայնակ, ֆրանսիական կողմը կխնդրի Մեծ Բրիտանիային ևս միանալ պատժամիջոցներին ու մասնավորապես սառեցնել Լոնդոնում ապրող ռուսաստանցի մեծահարուստների հաշիվները։

«Վլադիվոստոկ» ուղղաթիռակիրը

«Վլադիվոստոկ» ուղղաթիռակիրը

Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության աղբուրը իր հերթին հայտնել է, որ պայմանագիրը խզելու դեպքում Ֆրանսիան զգալի ֆինանսական կորուստներ կունենա։ Պատճառն այն է, որ ռուսական կողմն արդեն վճարել է 1,6 միլիարդ ամերիկյան դոլար արժողաթյամբ պայմանագրի 1 միլիարդ դոլարը՝ չնայած նրան, որ Ֆրանսիան Ռուսաաստանին դեռ չի հանձնել նավերից ոչ մեկը։ Պայմանագրի խզման դեպքում խզող կողմը պիտի տուգանք վճարի։

Նշենք, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ Եվրամիության պետությունների արտգործնախարարների խորհուրդը արդեն կիրառել է պատժամիջոցներ։ Մասնավորապես ԵՄ-ի «սև ցուցակում» ներառվել են Ղրիմը Ռուսաստանին միացնելու համար անցկացված հանրաքվեին կողմ արտահայտված մի շարք պաշտոնայներ։Նրանց արգելվում է մուտքը ԵՄ երկրներ, սառեցվում են այդ երկրներում այս անձանց ունեցած բանկային հաշիվները։ Պատժամիջոցները մտցվել են մարտի 17-ին ու կտևեն մինչև 2014-ի սեպտեմբերի 17-ը։

Մինչ այս՝ մարտի 7-ին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Ռուսաստանին տրամադրվելիք երկու Միստրալ ուղղաթիռակիրների պայմանավորվարծությունն ուժի մեջ է։

Հիշեցնենք, որ Միստրալ ուղղաթիռակիր նավերի գնման պայմանագիրը Ռուսաստանն ու Ֆրանսիան կնքել են 2011-ին։ 1,624 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն՝ Ֆրանսիան երկու ուղղաթիռակիր նավ պիտի կառուցեր ու տրամադրեր Ռուսաստանին։ Առաջին նավը Ֆրանսիան Ռուսաստանին հանձնելու է 2014-ի վերջին, երկրորդը՝ 2015-ին։ Նավերից առաջինը, որ ստացել է «Վլադիվոստոկ» անվանումը, ներկայում փորձարկումների փուլում է։ Երկու նավերը ստանալուց հետո Ռուսաստանը կարող է ևս երկու ուղղաթիռակիր նավեր գնելու պայմանագիր առաջարկել Ֆրանսիային։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *