ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը մարտի 18-ին պայմանագիր են ստորագրել, որը ենթադրում է՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։
Նշենք, որ պայմանագրի ստորագրման արարողությունն ուղիղ եթերով հեռարձակվում էր ՌԴ հեռուստաընկերություններով։
Նկատենք, որ ներկա դրությամբ պայմանագիրը պետք է վավերացնի ՌԴ խորհրդարանը։ Վլադիմիր Պուտինը, դիմելով Պետդումայի պատգամավորներին, ասել է. «Խնդրում եմ քննարկել սահմանադրական օրենք Ռուսաստանի կազմում դաշնային երկու նոր սուբյեկտի՝ Ղրիմի Հանրապետությունն ու Սևաստոպոլ քաղաքն ընդգրկելու վերաբերյալ, ինչպես նաև վավերացնել Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի՝ ՌԴ-ի կազմում ներառվելու պայմանագիրը։ Չեմ կասկածում ձեր աջակցության վրա»։
Մարտի 16-ին Ղրիմի հանրաքվեի քվեարկողների 96.6 տոկոսը կողմ էր արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելու համար, 3.4 տոկոսը՝ դեմ։ Ընդ որում, քվեարկությանը, համաձայն Ղրիմի իշխանություննների հաղորդած տվյալների, մասնակցել էր թերակղզու բնակչության 82.71 տոկոսը, քվեարկողները պատասխանել էին՝ կողմ են, որ «Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի սուբյեկտի իրավունքով», թե կողմ են, որ «վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրությունն ու Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում»։