ՌԴ-ն Կալինինգրադում զորավարժություն է անցկացնում

ՌԴ Բալթյան նավատորմի հրետանային ստորաբաժանումները Կալինինգրադի շրջանի զորավարժարաններում ծրագրային վարժանքներ են սկսել, որին մասնակցում է շուրջ 700 զինծառայող, ավելի քան 150 միավոր ռազմական տեխնիկա։

ՌԴ-ն Կալինինգրադում զորավարժություն է անցկացնում

ՌԴ-ն Կալինինգրադում զորավարժություն է անցկացնում

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում տալով ՌԴ ԶՈւ Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության ներկայացուցիչ, կապիտան Վլադիմիր Մատվեևի խոսքերին, նմանատիպ զորավարժություններ իրականացվում են տարին 2 անգամ՝ ուսումնական շրջանի ձմեռային և ամառային փուլերում։

Մատվեևը շեշտել է, որ վարժանքների ընթացքում նախատեսված է զորքերի աննկատ տեղաշարժ իրականացնել, ինչպես նաև ենթադրյալ հակառակորդի ուժերի ուղղությամբ հրետանային հարվածներ արձակել։

Նա նաև ընդգծել է, որ վարժանքներին կիրառվող զենք-զինամթերքի շարքում են Գիացինտ և Նոնա քարշակվող հրանոթները, Գրադ համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, Ակացիա ու Գվազդիկա ինքնագնաց հաուբիցները, Պոդնոս ականանետը, Կոնկուրս հակատանկային հրթիռային համալիրները և այլն։

Հավելենք, որ զորավարժությունների գլխավոր մասը լինելու է Բալթյան նավատորմի առափնյա ստարաբաժանումների՝ հրետանային կրակի կառավարմամբ իրականացվող մարտավարական վարժանքը։

Նկատենք, որ Կալինինգրադը բուն Ռուսաստանի տարածքի հետ չունի ցամաքային հաղորդակցություն, այն տեղակայված է Կենտրոնական Եվրոպայում, հարավից սահմանակից է Լեհաստանին, իսկ հյուսիսից՝ Լիտվային։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ուկրաինայի շուրջ ՆԱՏՕ-ի ու ՌԴ-ի լարված հարաբերությունների հետևանքով ՆԱՏՕ-ն ավելացրել էր իր ռազմական ինքնաթիռների թիվը Մերձբալթյան երկրներում և հզորացրել իր ռազմական ներկայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *