Իրադրությունը Ղրիմում. մարտի 18. թարմացվող լրահոս

«Մայդանից» հետո, երբ Ուկրաինայում փաստացի փոխվեց իշխանությունը, ուշադրությունը վերջին շրջանում Ղրիմի վրա է, որտեղ տեղի ռուսալեզու բնակչությունը չի ընդունում Կիևում վերջերս հաստատված նոր իշխանությանը և հանրաքվե է անցկացրել՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու համար։

Ներկայում Ղրիմում իրավիճակը վերահսկում են Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, թեև պաշտոնապես Մոսկվան չի ընդունում դա, իսկ Ուկրաինան փորձում է իր բանակը մարտական պատրաստության բերել։

Մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որի մասնակիցների 96 տոկոսը կողմ քվեարկեցին Ռուսաստանին միանալուն։ Այս ամենից հետո ստեղծված իրավիճակին հետևելու համար կարող եք հետևել Ռազմինֆոյի թարմացվող լրահոսին։

18։20-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթ է ունեցել, որտեղ անդրադարձել է  Ուկրաինայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ ՌԴ-ի հարաբերություններին, արտահայտել ՌԴ պաշտոնական դիրքորոշումը դրանց հետագա զարգացման հեռանկարների հարցում։

Նա մասնավորապես շեշտել է. «Ուկրաինայում մինչ օրս չկա լեգիտիմ իշխանություն, որոշ նախարարների հետ հանդիպման համար անգամ պետք է պայմանավորվել Մայդանի զինյալների հետ։ Սա կատակ չէ։ ՌԴ-ն դավաճանական քայլ կաներ, եթե չպաշտպաներ Ղրիմի բնակչությանը» Պուտինն ընդգծել է. «Միջազգային իրավունքի պատմության մեջ անկախության հռչակման արգելք չի եղել։ Չգիտես ինչու այն, ինչ կարելի է ալբանացիներին Կոսովոյում, չի կարելի ռուսներին, ուկրաինացիներին, Ղրիմի թաթարներին Ղրիմում։ Եթե Ղրիմի ինքնապաշտպանական ուժերը ժամանակին վերահսկողություն չհաստատեին, արյունահեղություն կլիներ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ուկրաինացի զինծառայողներին, ովքեր չգնացին արյունահեղության ճանապարհով։ Մեր արևմտյան գործընկերները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, կարծում են՝ միայն իրենք կարող են ճիշտ լինել։ Թե´ Աֆղանստանում, թե´ Իրանում, թե´ Լիբիայում ՄԱԿ-ի բանաձևերի կոպիտ խախտումներ եղան, ժողովրդավարության փոխարեն ահաբեկչություն հաստատվեց»։

ՌԴ նախագահը կոչ է արել արևմտյան երկրներին դադարեցնել «հիստերիան, հրաժարվել սառը պատերազմի հռետորաբանությունից»՝ երախտագիտություն հայտնելով Չինաստանին՝ Ռուսաստանին Ղրիմի հարցում աջակցելու համար։ Միևնույն ժամանակ Վլադիմիր Պուտինը նկատել է՝ Ռուսաստանը կողմ է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, սակայն դեմ է նրան, որ «ՆԱՏՕ-ն գերակայի ՌԴ-ի ցանկապատին կից, ռուսական պատմական տարածքներում»։

18:14 ” Ֆրանսիայի արտգործնախարար Լորիան Ֆաբիուսը հայտնել է, որ Ֆրանսիան կարող է խզել Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրը, որով  Ֆրանսիան պարտավորվել է 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարի դիմաց Միստրալ տիպի երկու ուղղաթիռակիր նավեր տրամադրել Ռուսաստանին մինչև 2015-ի ավարտ։ Պաշտոնյան նշել է, սակայն, որ դա կարող է վնասել նաև ֆրանսիական կողմին, քանի որ պայմանագրի խզումը ֆինանսական խնդիրներ կառաջացնի Ֆրանսիայում։ Մյուս կողմից նախարարը հայտնել է, որ Ֆրանսիան միայնակ չի գնա այդ քայլին, ու կխնդրի Մեծ Բրիտանիային նույնպես միանալ պատժամիջոցներին՝ սառեցնելով Լոնդոնում բնակվող ռուսաստանցի մեծահարուստների հաշիվները։

***

15։00-Ուկրաինայի քաղաքացիները, համաձայն ուկրաինական «Ունիան» լրատվակայքի, երկրի պաշտպանության նախարարության հաշվեհամարներին փոխանցել են մոտ 1 մլն ԱՄՆ դոլար գումար՝ զինուժի կարիքների համար։ Դրամահավաքը մեկնարկել է անցած շաբաթ և շարունակվում է մինչ օրս։ Հիշեցնենք, որ 2014-ի մարտի 14-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Իգոր Տենյուխը դժգոհություն էր հայտնել՝ բանակը բավարար ֆինանսավորում չունի՝ խնդրելով «հանրապետության հարուստ և պատվարժան անձանց զինուժի ապահովման համար գումարներ հատկացնել»։ Մարտի 16-ին Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը հայտարարել էր՝ կառավարությունը հավելյալ 700 մլն ԱՄՆ դոլար է հատկացնելու զինված ուժերին։

14։00 ” Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 17-ին, հրամանագիր է ստորագրել, որով ՌԴ-ն ճանաչում է Ղրիմի Հանրապետությունը։ Բոլոր մանրամասները՝ այստեղ։

***

11։50 ” Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի օդային տարածքում օդից տեսչական գործունեություն իրականացնելուց Ուկրաինայի հրաժարվելը պայմանավորված է եղել ֆինանսական պատճառներով։

Այս մասին, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, հայտնել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ Սերգեյ Կոշելևը։

Ավելի վաղ՝

Իրադրությունը Ղրիմում. մարտի 17. թարմացվող լրահոս

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *