ՌԴ նախագահը ճանաչել է Ղրիմը որպես անկախ պետություն

Ղրիմի շուրջ ծավալվող գործընթացները շարունակում են հետաքրքիր զարգացումները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի հանրաքվեից մեկ օր անց՝ մարտի 17-ին, հրամանագիր է ստորագրել, որով ՌԴ-ն ճանաչում է Ղրիմի Հանրապետությունը։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում տալով ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը, հրամանագրում նշված է. «Հաշվի առնելով Ղրիմի ժողովուրդների կամքի արտահայտումը Ղրիմի հանրաքվեին, որը կայացավ 2014-ի մարտի 16-ին՝ ճանաչել Ղրիմի Հանրապետությունը, որում ընդգրկված Սևաստոպոլը հատուկ կարգավիճակ ունի՝ որպես ինքնավար ու անկախ պետություն»։
Այսօր՝ մարտի 18-ին, Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենալու Պետդումայի պատգամավորների, Դաշնությունների խորհրդի, ՌԴ շրջանների ղեկավարների առջև՝ կապված Ղրիմի՝ ՌԴ-ի կազմում ընդգրկվելու առնչությամբ։
Ավելի վաղ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը մանրամասնել էր, թե ինչ հավանական քայլեր կանի ՌԴ-ն Ղրիմի հանրաքվեի՝ իրենց ձեռնտու արդյունքների դեպքում։ Նրա հավաստիացմամբ՝ ըստ ՌԴ օրենքների՝ երկիրը կամ պետական կազմավորումը դիմում է ՌԴ-ին վերջինիս կազմում ներառվելու և համապատասխան միջազգային պայմանագիր ստորագրելու հայցով։ ՌԴ նախագահն այդ մասին իրազեկում է ՌԴ կառավարությանն ու Պետդումայի երկու պալատներին, անհրաժեշտության դեպքում նաև խորհրդակցություններ է անցկացնում։ Այնուհետև ՌԴ-ի նախագահը դիմում է Սահմանադրական դատարան՝ կնքվելիք պայմանագրին գնահատական տալու խնդրանքով։ Եթե դատարանը տալիս է դրական գնահատական, ապա միջազգային պայմանագիրը դրվում է Պետդումայի վավերացմանը դաշնային սահմանադրական օրենքի հետ միասին, որն էլ կանխորոշում է սուբյեկտի անունը, կարգավիճակը, սահմանները։ Եթե նշված երկու փաստաթղթերը Պետդուման վավերացնում է, փոփոխություններ են կատարվում ՌԴ Սահմանադրության մեջ, որտեղ հավելվում են մեկ կամ մի քանի սուբյեկտների անուններ։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմի հանրաքվեի քվեարկողների 96.6 տոկոսը կողմ են արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելու համար, 3.4 տոկոսը՝ դեմ, քվեաթերթիկների 100 տոկոսն արդեն մշակված է։ Ընդ որում, քվեարկությանը, համաձայն Ղրիմի իշխանություննների հաղորդած տվյալների, մասնակցել է թերակղզու բնակչության 82.71 տոկոսը, քվեարկողները պատասխանել են՝ կողմ են, որ «Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի սուբյեկտի իրավունքով», թե կողմ են, որ «վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրությունն ու Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում»։
Նկատենք, որ հանրաքվեին ներկա են եղել դիտորդներ հիմնականում ՌԴ-ից ու Սերբիայից, որոնք դրական գնահատական են տվել դրա ընթացքին, մինչդեռ հանրաքվեի դեմ հանդես եկող երկրներն ու կառույցները, մասնավորապես՝ Ուկրաինայի արդարադատության նախարարությունը, պնդում է՝ Ղրիմի «անջատման կողմ են քվեարկել այլ երկրների քաղաքացիներ, արդյունքները կեղծված են»։ Քննադատությամբ է հանդես եկել նաև Ղրիմի թաթարների ներկայացուցիչները, որոնք ավելի կողմ են Ուկրաինայի կազմում ընդգրկվելուն և որոշակիորեն ունեն թուրքամետ դիրքորոշում։
Հանրաքվեն չեն ընդունում նաև ԱՄՆ-ն և եվրոպական մի շարք երկրներ։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, համաձայն վերջինիս մամուլի ծառայության տվյալների, Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում սպառնացել էր՝ պատժամիջոցներ կկիրառեն ՌԴ-ի դեմ։ Ըստ էության, պատժամիջոցներ սահմանելու կոչերով էր հանդես եկել նաև ԵՄ-ն, սակայն դրանք այս պահի դրությամբ ոչ թե Ռուսաստանի, այլ ՌԴ կոնկրետ պաշտոնյաների դեմ են։ ԵՄ-ի «սև ցուցակում» ներառվել են Ղրիմը ՌԴ-ին միացնելու օրինագծի պարզեցման նախաձեռնող պատգամավորները, ինչպես նաև ՌԴ ԶՈւ Հարավային, Արևմտյան ռազմական օկրուգների, Սևծովյան նավատորմի հրամանատարները։ Նրանց արգելվում է մուտքը ԵՄ երկրներ, սառեցվում են այդ երկրներում այս անձանց ունեցած բանկային հաշիվները։
ԱՄՆ-ն ևս անցել է պատժամիջոցների կիրառմանը՝ «սև ցուցակում» ընդգրկելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնականներին, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին, Դաշնությունների խորհրդի խոսնակ Վալենտին Մատվիենկոյին։
Սակայն ՌԴ-ն շարունակում է իր որդեգրած ուղին՝ փաստելով՝ Ղրիմի հանրաքվեն ապօրինի չէ, համապատասխանում է ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների սկզբունքներին, իսկ Ուկրաինայի նոր իշխանությունները լեգիտիմ չեն, քանի որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնապես ինքնակամ վայր չի դրել իր իրավասությունները։
Այսպիսով, ստեղծվել է բավականին խրթին իրավիճակ։ ՌԴ-ն հետ չի կանգնում իր դիրքորոշումից, ԵՄ-ն և ԱՄՆ-ն էլ իրենց հերթին արդեն իսկ ի կատար են ածում խոստացված պատժամիջոցները, որոնք թերևս կարող են առավել սուր բնույթ ստանալ Ղրիմի՝ ՌԴ-ի կազմում պաշտոնապես ներառվելուց հետո։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում 2014-ի սկզբից ի վեր բազմահազարանոց ցույցերի ալիք էր բարձրացել. Մայդանի ցույցերը վերաճել էին արյունալի բախումների փետրվարի 18-ից սկսած։ Բախումների հետևանքով գրանցվել են զոհեր և տուժածներ թե´ ուժային կառույցների աշխատակիցների, թե´ ցուցարարների շարքերում։ Ցուցարարները պահանջում էին նախագահ Յանուկովիչի հրաժարականը և 2004-ի Սահմանադրության վերականգնումը, որը լայն հնարավորություններ էր ընձեռում կառավարությանն ու խորհրդարանին։ Ի վերջո, Մայդանի ցույցերի արդյունքում Ուկրաինայում փաստացի փոխվեց իշխանությունը։
Ղրիմում թերակղզու բնակչության շուրջ 60 տոկոս կազմող ռուսները հրաժարվել էին ընդունել նոր իշխանություններին՝ ցույցեր կազմակերպելով։ Այս ամենից հետո ՌԴ Դաշնությունների խորհուրդը նախագահին թույլատրել էր Ղրիմի ռուսների անվտանգության ապահովման նպատակով զորք մտցնել Ղրիմ, սակայն ՌԴ-ն պաշտոնապես մինչ օրս հերքում է, որ առանց տարբերանշանների տասնյակ հազարավոր զինծառայողները, որոնք հսկողության տակ են առել Ղրիմի վարչական և ռազմավարական օբյեկտները, որևէ առնչություն ունեն ՌԴ զինուժի հետ։ ՌԴ-ի՝ Ղրիմում քաղաքական ու ռազմական ներազդեցության հաստատմանը փորձում էր հակադարձել Թուրքիան՝ որպես խաղաքարտ կիրառելով Ղրիմի թաթարներին և հանդես գալով պաշտոնական մի շարք հայտարարություններով։ ՆԱՏՕ-ն էլ ողջ ընթացքում ձեռնարկել է ընդամենը Ուկրաինային սահմանակից Լեհաստանում և Ռումինիայում իր ռազմական առկայության ավելացումը և Ուկրաինայի սահմանին սեփական հետախուզական ինքնաթիռների թռիչքների ակտիվացումը, որոնք ընդհանուր իրավիճակի վրա շոշափելի ազդեցություն չեն ունեցել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *