Ուկրաինական Ուկրոբոռոնպռոմ ընկերությունը Խորվաթիայի ռազմաօդային ուժերին է փոխանցել արդիականացված Մի-8 առաջին երկու ուղղաթիռը։ Դրանց արդիականացումն ավարտվել էր ավելի վաղ, սակայն մատակարարումն արվեց ուշացումով, քանի որ 2013-ին Խորվաթիան անդամակցեց Եվրամիությանն, ինչի հետևանքով ստիպված եղավ հստակեցումներ մտցնել Ուկրաինայի հետ մաքսային հարաբերություններում։ Այս մասին հաղորդում է Jane’s ռազմական հանդեսը։
Ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) ավիապարկում առկա Մի-8 (ռուս.՝ Ми-8) ուղղաթիռների արդիականացման մասին որոշումը Խորվաթիայում ընդունվեց 2013-ի մայիսին։ Սկզբնական փուլում նախատեսվում է արդիականացնել թվով 6 ուղղաթիռ, որի գործընթացը պետք է ընթանար խորվաթական Zrakoplovno Tehnicki Centar ձեռնարկությունում՝ ուկրաինական Ուկրսպեցէքսպորտ ընկերության աջակցությամբ։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ շարժիչների արդիականացումն ավելի նպատակահարմար է իրականացնել հենց Ուկրաինայում։
Նշենք, որ վեց միավոր Մի-8 ուղղաթիռների արդիականացման պայմանագիրը գնահատվում է շուրջ 15.2 միլիոն ամերիկյան դոլար։ Գործարքը պետք է ավարտվի մինչև 2015 թվականը։ Նշենք նաև, որ առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Խորվաթիան պատրաստվում է արդիականացնել իր ՌՕՈւ կազմում ընդհանուր առմամբ առկա 22 միավոր Մի-8 ուղղաթիռների մյուս խմբաքանակը։
Հավելենք, որ ուղղաթիռների այս արդիականացումը Խորվաթիայի և Ուկրաինայի միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության միակ օրինակը չէ։ Խորվաթիան ուկրաինական Ուկրսպեցէքսպորտ ընկերությանն էր վստահել նաև իր ռազմաօդային ուժերի ՄիԳ-21 կործանիչների արդիականացումը։ Սակայն 2014-ի հունվարին հայտնի դարձավ, որ ուկրաինական կողմն արդեն ավելի քան 100 օրով ուշացրել է արդիականացված կործանիչների հանձնումը պատվիրատուին։