Հրդեհ՝ ռուսաստանյան Կրասնոդար ատոմային սուզանավի վրա

Ռուսաստանի ռազմածովային ուժերի շահագործումից դուրս բերված Կրասնոդար ատոմային սուզանավի վրա մարտի 17-ին բռնկվել է հրդեհ, երբ ընթացել են դրա ոչնչացման աշխատանքները Մուրմանսկի գործարաններից մեկում։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։

Նեպրա գործարանում բռնկված հրդեհը. լուսանկարի հեղինակ՝ Ռոման Սագայդաչնի

Ոչնչացումն իրականացնող Նեպրա գործարանի մամուլի քարտուղարը նշել է, որ հրդեհի բռնկման պահին ատոմային սուզանավում միջուկային վառելիք չի եղել, ինչի արդյունքում հնարավոր է եղել խուսափել ռադիացիոն ճառագայթման վտանգից։ Գործարանի աշխատակիցների օպերատիվ գործողությունների շնորհիվ հրդեհը հնարավոր է եղել արագ տեղայնացնել ու մարել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Նշենք, որ ՌԴ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) Կրասնոդար սուզանավը, որը 949Ա Անթեյ (ռուս.՝ 949А Антей) նախագծին պատկանող առաջին ատոմային սուզանավն է, ջուրն է իջեցվել 1985-ին։ Շահագործման ողջ ընթացքում սուզանավը բազմիցս մեկնել է Ատլանտյան օվկիանոս և Միջերկրական ծով՝ իրականացնելու մարտական հերթապահություն։ Կրասնոդարը հանվել է ՌԾՈւ շահագործումից 2010-ին, սակայն դրա ոչնչացման համար անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովել են միայն հիմա՝ ԱՄՆ-ն և Իտալիան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *