Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի օդային տարածքում օդից տեսչական գործունեություն իրականացնելուց Ուկրաինայի հրաժարվելը պայմանավորված է եղել ֆինանսական պատճառներով։
Այս մասին, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, հայտնել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ Սերգեյ Կոշելևը։

Բաց երկնքի պայմանագիրը ստորագրած երկրները կարող են թռիչքներ իրականացնել միմյանց օդային տարածքում՝ համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում։
Պաշտոնյայի խոսքով Ռուսաստանը ոչ մի խոչընդոտ չի ստեղծել Ուկրաինայի համար, ավելին՝ թույլ է տվել կատարել արտակարգ դիտորդական թռիչքներ՝ դրանով արտահայտելով իր բարի կամքը։ Դիտորդական թռիչք իրականացնելուց Ուկրաինայի հրաժարվելը կապված է եղել ֆինանսական խնդիրների հետ։ Կոշելևը հայտնել է, որ Բաց երկնքի մասին պայմանագրով նախատեսված է, որ դիտորդական թռիչքներ իրականացնող երկիրը ինքը պիտի վճարի դիտորդական թռիչքների իրականացման, ինչպես նաև հարակից ծախսերի համար։ Ռուսաստանյան կողմն Ուկրաինային առաջարկել է վճարումները կատարել ֆիքսված գներով և ոչ ավելին։ Սակայն ուկրաինական կողմը դա մեկնաբանել է, թե իբր Ռուսաստանը խոչընդոտներ է առաջացրել։
Ուկրաինական կողմի հրաժարվելը, սակայն, չի խանգարել, որ ԱՄՆ-ն ու Գերմանիան հայտ ներկայացնեն Ռուսաստանի ու Բելառուսի օդային տարածքներում դիտորդական թռիչքներ կատարելու համար։ Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում Գերմանիայի ու ԱՄՆ-ի համատեղ առաքելությունը օդից տեսչական գործունեություն կիրականացնի մարտի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 2014-ի մարտի 11-ին դիմել էր ռուսաստանյան կողմին՝ ՌԴ օդային տարածքում արտակարգ դիտորդական թռիչք իրականացնելու թույլտվություն ստանալու նպատակով։ Ռուսաստանի Դաշնությունն այդ դիմումը բավարարել էր։ Նման թռիչքների հնարավորությունը սահմանված էր կողմերի միջև կնքված Բաց երկնքի համաձայնագրով։
Իսկ մարտի 14-ին Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է, որռուսական կողմն իրենց խիստ անհարմար պայմաններ է առաջադրել Ռուսաստանի օդային տարածքում ուկրաինական ինքնաթիռների արտակարգ դիտորդական թռիչքների իրականացման համար։
Հավելենք, որ Բաց երկնքի համաձայնագիրը ստորագրվել է 1992-ի մարտի 24-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում՝ ԵԱՀԿ անդամ 23 պետությունների կողմից։ Հետագայում դրանց թվին ավելացել է ևս 11 երկիր։ Համաձայն այդ փաստաթղթի՝ այն ստորագրած երկրները կարող են թռիչքներ իրականացնել միմյանց օդային տարածքում՝ համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում։
Pingback: ԱՄՆ-ն դիտորդական թռիչքներ է կատարում Ռուսաստանի և Բելառուսի տարածքում | Ռազմ.info