Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի շրջանում 2014-ի մարտի 10-ին կայացած տնտեսական համաժողովի ընթացքում ՌԴ ռազմական արդյունաբերության ոլորտը ներկայացնող հանձնաժողովը նշել է, որ Արկտիկայում անհրաժեշտ դիտարկումներն անցկացնելու և իրավիճակը հսկողության տակ պահելու համար անհրաժեշտ է հիմնել հեռանկարային անօդաչու թռչող սարքեր, որոնք այս շրջանում կիրականացնեն պարեկություն և մշտադիտարկում։ Այս մասին գրում է Jane’s ռազմական հանդեսը։
Հանձնաժողովի անդամներն ուրվագծել են նոր անօդաչուից պահանջվող տեխնիկական բնութագիրը, ինչպես նաև սահմանել նախագծման ավարտի ցանկալի ժամկետները։ Ըստ այդմ, անհրաժեշտ է, որ անօդաչուն կարողանա բարձրացնել 200 կգ-անոց բեռ, թռիչքներ կատարի ավեի քան 1 000 մետր բարձրության վրա և օժտված լինի օբյեկտների հայտնաբերման ու տեսահսկման ժամանակակից սարքավորումներով։ Որպես նախագծի ավարտի ցանկալի վերջնաժամկետ նշվել է 2016 թվականը։
Նշենք, որ վերջին շրջանում Ռուսաստանը բավական մեծ ակտիվություն է ցուցաբերում Արկտիկայում իր դիրքերի ամրապնդման հարցում։ Դեռևս 2013-ի դեկտեմբերին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ՌԴ-ն պետք է տիրապետի բոլոր լծակներին՝ անհրաժեշտության դեպքում Արկտիկայում իր շահերը պաշտպանելու համար։
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանն ավելացնում է նաև ռազմական ներկայությունն Արկտիկայում։ Հիշեցնենք, որ 2014-ի մարտի 14-ին Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարյովն Արկտիկայում ընթացող զորավարժություններին հետևելուց հետո լրագրողներին հայտնեց, որ տարածաշրջանում առաջիկայում կբացվեն ռուսաստանյան մի քանի զինավաններ։