Մոսկվայի պաշտպանությունն իրականացնող զենիթահրթիռային գնդերին ավելացել է ևս մեկը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի հակաօդային պաշտպանությունն իրականացնող զենիթահրթիռային երկու գնդերին 2014-ի մարտի 17-ից ավելացել է ևս մեկը։ Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ զինված ուժերի օդատիեզերական պաշտպանության զորքերի ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը։

Ս-400 զենիթահրթիռային համակարգ

Վերջինս նշել է, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանությունն իրականացնող զենիթահրթիռային երեք գնդերն էլ իրենց կազմում ունեն Ս-400 Տրիումֆ (ռուս.՝ С-400 Триумф) զենիթահրթիռային համակարգեր (ԶՀՀ) և Պանցիր-Ս (Панцирь-С) զենիթահրթիռային հրանոթային համալիրներ։ Զոլոտուխինը հավելել է, որ մարտական հերթապահություն իրականացնող այս զինատեսակները ՌԴ զինված ուժերի սպառազինության ամենաարդյունավետ տարրերից են, որոնք լավագույնս կապահովեն Մոսկվայի և հարակից շրջանների օդային սահմանների պաշտպանությունը։

Նշենք, որ հակաօդային պաշտպանության միջին և մեծ հեռահարության Ս-400 Տրիումֆ զենիթահրթիռային համակարգը նախատեսված է օդային բոլոր տեսակի թիրախների ոչնչացման համար, այդ թվում՝ աերոդինամիկ և բալիստիկ (ինքնաթիռներ, բալիստիկ և թևավոր հրթիռներ)։ Համակարգը հակառակորդի ինքնաթիռները կարող է հայտնաբերել մինչև 600 և խոցել մինչև 400 կմ հեռավորության վրա։

Պանցիր զենիթահրթիռային հրանոթային համալիր. ՌԴ ԶՈւ

Պանցիր-Ս զենիթահրթիռային հրանոթային համալիրը նախատեսված է ռազմական օբյեկտների և կարևորագույն նշանակության ենթակառուցվածքների՝ օդային հարձակումներից պաշտպանության համար։ Համալիրը փոքր հեռահարության է և Մոսկվայի օդային սահմանների պաշտպանության իրականացման ընթացքում գործում է Ս-400 ԶՀՀ-ի հետ փոխկապակցված, քանի որ վերջինիս արդյունավետությունը փոքր հեռավորություններում ավելի ցածր է։ Պանցիր-Ս համալիրը օդային թիրախները կարող է խոցել մինչև 20 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *