Հաշվի առնելով Ղրիմում ռուսաստանցի զինծառայողների առկայության հանգամանքը՝ Ուկրաինայի նոր իշխանությունները մարտի սկզբին զինակոչ հայտարարեցին, որը սպասվելիք արդյունքները չունեցավ։ Դրա պատճառները շատ էին, այդ թվում՝ 2013-ի օգոստոսին պարտադիր զորակոչից հրաժարվելը։
Ղրիմի մարտի 16-ի հանրաքվեից հետո Ուկրաինան այժմ երկրորդ անգամ հայտարարում է մոբիլիզացիայի մասին։ Հայտնի է, որ հայտարարությունը պաշտոնական է, սակայն այն դեռևս չի հայտնվել թե´ Ուկրաինայի նախագահի, թե´ Գերագույն ռադայի կայքում, արձանագրված է միայն «ՌԲԿ» լրատվական գործակալության կայքում։
Ըստ աղբյուրի՝ Ուկրաինան մասնակի մոբիլիզացիա է հայտարարել՝ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը և ՌԴ-ի՝ Ուկրաինայի «ներքին գործերին խառնվելու հանգամանքը»։ Համաձայն նախագահի հրամանագրի՝ մոբիլիզացիայի են ենթակա հիմնականում Ուկրաինայի կենտրոնական իշխանությունների վերահսկողության ներքո շրջանները։ «Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի տարածքում մոբիլիզացիային կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք կամավոր ցանկություն են հայտնել և ներկայացել են զինկոմիսարիատներ ու զորամասեր»,-ասված է հրամանագրում։
Մոբիլիզացիան իրականացվում է հրամանագրի՝ ուժի մեջ մտնելուց 45 ժամ հետո։ Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյի խոսքերով՝ Ուկրաինայի զինված ուժեր են մոբիլիզացվելու 20 հազար, Ազգային գվարդիա՝ ևս 20 հազար մարդ։