ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք առավել հայտնի են Navy SEALs անունով, օրերս գրավել են Լիբիայի Էս-Սիդեր նավահանգստից նավթ գնած, ապա առանց Լիբիայի իշխանությունների թույլտվության անհայտ ուղղությամբ հեռացած Morning Star տանկերը։
Ինչպես հաղորդում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, տանկերի գրավման գործողությունն իրականացվել է մարտի 17-ի վաղ առավոտյան Կիպրոսից դեպի հարավ-արևելք ընկած միջազգային ջրային տարածքներում։
Պենտագոնից շեշտել են, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողությունների հետևանքով տուժածներ չկան։ ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին՝ քայլերի են դիմելու տանկերի ընթացքը կասեցնելու ուղղությամբ՝ Լիբիայի ու Կիպրոսի կառավարությունների խնդրանքով։ Ընդ որում, հաղորդվում է նաև, որ նավն իրականում առգրավել էին լիբիացի երեք զինյալներ։
Պենտագոնի մամուլի խոսնակ, փոխծովակալ Ջոն Քիրբիի խոսքերով՝ տանկերում հայտնաբերվել է Էս-Սիդրից ապօրինի կերպով ներկրված, Լիբիայի իշխանություններին պատկանող բեռ, որն էլ ԱՄՆ ՌԾՈւ ստորաբաժանումների վերահսկողության ներքո կհասցվի լիբիական նավահանգիստ։ ԱՄՆ-ն հավաստիացնում է, որ տանկերն իրականում հյուսիսկորեական չէ, ինչպես ավելի վաղ էր հաղորդվել։
Նկատենք, որ Լիբիայի զինյալները դեռևս մարտի 8-ին հայտարարել էին՝ չնայած պետության սահմանափակումների, իրենք սկսել են արևելյան շրջաններից նավթ արտահանել ու վաճառել։
Հիշեցնենք, որ Լիբիայի խորհրդարանի պատգամավորները մարտի 11-ին անվստահություն էին հայտնել երկրի վարչապետ Ալի Զեյդանին։ Պատճառը նույնMorning Glory տանկերի միջադեպն էր, երբ Լիբիայի ռազմածովային ուժերի նավերը, չնայած որ շրջափակել էին այն, տանկերին հաջողվել էր լքել լիբիական Էս-Սիդեր նավահանգիստը։
Լիբիայի իշխանությունները շտապել էին հայտարարել, որ ռազմածովային ուժերի նավերն արգելակելու են տանկերի շարժը և հարկադրելու են, որպեսզի այն կայանի իշխանությունների հսկողության նավահանգիստներից մեկում։ Իրենց հրահանգները չկատարելու դեպքում ռազմանավերից կրակ էր արձակվելու տանկերի ուղղությամբ։
Այնուհանդերձ, մարտի 11-ի գիշերն չբացահայտված հանգամանքներում Morning Glory-ն անարգել դուրս էր եկել Էս-Սիդերից և շարժվել անհայտ ուղղությամբ։
Լիբիայի ՌԾՈւ հրամանատարությունը բացատրել էր միջադեպը՝ որպես պատճառ ներկայացնելով եղանակային վատ պայմանները, որոնց հետևանքով էլ լիբիական ռազմանավերը չեն կարողացել կանխարգելել հյուսիսկորեական տանկերի ելքը։