Ղրիմի տարածքում շաբաթներ առաջ հայտնվել էին «առանց տարբերանշանների զինծառայողներ», որոնք Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողներն են։ Մարտի 16-ին հայտնի է դարձել, որ «առանց տարբերանշանների» օդադեսանտային զորքերի մի շարք զինծառայողներ դեսանտավորվել են Ուկրաինայի Գենիչեսկի շրջանի Ստրելկովո գյուղին կից, ապա հետ են քաշվել մինչև գազահանման կայաններ:
Ինչպես հաղորդում է ուկրաինական Zn.ua լրատվակայքը, գազահանման վայրը տեղակայված է ուկրաինական զորքերի հենակետերից մեկի թիկունքում։ «Առանց տարբերանշանների» զինծառայողները հավաստիացրել են, որ չեն լքելու իրենց կայանման վայրը մինչև չկատարեն այն, ինչ իրենց հանձնարարվել է։ Դա ենթադրում է գազահանման կայանների և ոչ հեռու տեղակայված, ուկրաինական «Չերնոմորնեֆտեգազ» ընկերությանը պատկանող թվով 3 նավթահորերի անվտանգության ապահովում, քանի որ, ըստ նույն զինվորականների, իրենք իրազեկված են՝ նավթահորերի վրա ահաբեկչական հարձակում է սպասվում։
Ականատեսների վկայությամբ՝ այս զինծառայողները դեսանտավորվել են 2 ռազմական ուղղաթիռներից, ևս 2 ռազմական ուղղաթիռներ որոշ ժամանակ պտտվում էին նավթահորերի վերևում։
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության խոսնակի համաձայն՝ ուկրաինական զինուժի հետ բախումներ դեսանտային զորքերի կայանման վայրում չեն գրանցվել, սակայն դեպքի վայր են ուղևորվում ուկրաինացի զինծառայողներ։
«Ներկայումս իրավիճակի փոփոխություն չկա, Խերսոնի շրջանի նավթագազային հանքերին կից կայանել են ՌԴ ԶՈւ 120 զինծառայողներ, 3 միավոր ԲՏՌ, ուկրաինացի զինծառայողները շրջափակել են նրանց»,-հայտարարել է խոսնակը։
Հաշվի առնելով, որ Ստրելկովո գյուղը տեղակայված է Արբատի սլաքի կամ Արբատի ցամաքալեզվակի հյուսիսային հատվածում, մի հատվածը կազմում է Ղրիմի, մյուսը՝ Ուկրաինայի Խերսոնի շրջանի մասը, և եթե «առանց տարբերանշանի» զինծառայողներին դիտարկենք որպես ՌԴ զինուժի ներկայացուցիչներ, ապա այս միջադեպը հերթական անգամ վկայում է՝ Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձություններում կարևոր է նաև նավթագազային գործոնը։
ՌԴ-ն փորձում է այս տեսանկյունից ևս գերակայություն սահմանել տարածաշրջանում՝ վերահսկողություն հաստատելով ուկրաինական պետական «Չերնոմորնեֆտեգազ» ընկերության կողմից շահագործվող հանքերում։