Գերմանիայի ու ԱՄՆ-ի համատեղ առաքելությունը մարտի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում օդից տեսչական գործունեություն կիրականացնի Ռուսաստանի և Բելառուսի օդային տարածքում։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, ՌԴ միջուկային սպառնալիքի նվազեցման ազգային կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը հայտարարել է, որ գերմանաամերիկյան դիտորդական թռիչքներն իրականացվելու են Saab 340 շվեդական ինքնաթիռներով՝ ըստ ՌԴ-ի և Բելառուսի հետ նախապես համաձայնեցրած թռիչքային ուղիով։
«Ռուսաստանցի և բելառուս մասնագետներն ուղեկցելու են Գերմանիայի ու ԱՄՆ-ի գործընկերներին թռիչքի ընթացքում՝ գրանցելով՝ արդյոք կիրառվում են պայմանագրով թույլատրվող սարքավորումներ, և արդյոք թռիչքն ընթանում է պայմանավորված երթուղով»,-շեշտել է Ռիժկովը։
Նկատենք, որ Saab 340 ինքնաթիռն առաջին թռիչքը կատարել է 1983-ին, սկսել են շահագործել նույն տարում, շահագործող երկրներից են Ավստրալիան, Ավստրիան, Արգենտինան, Գերմանիան, Իսպանիան, Կանադան, ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ճապոնիան։ Ինքնաթիռն ուղևորափոխադրիչ է, ի սկզբանե նախատեսված չէ այս կամ այն տիպի զենք-զինամթերք կրելու և արձակման համար։ Անձնակազմը 2 հոգի է, երկարությունը՝ 19.73 մ, թևի բացվածքը՝ 21.44 մ, բարձրությունը՝ 6.97 մ, առավելագույն արագությունը՝ 523 կմ/ժ։
Բաց երկնքի պայմանագիրը կնքվել է Հելսինկիում՝ 1992-ի մարտի 24-ին՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից անդամ-երկրների կողմից: Դրա նպատակն էր դիտակումների միջոցով անդամ-պետություններին փոխըմբռնման և վստահության հաստատման հանրավորություն տալ:
Ներկայումս պայմանագրի անդամ են 34 երկիր, իսկ Ռուսաստանը դրան միացել է 2001-ի մայիսի 26-ին: