ԱՄՆ-ն մտահոգված է Լատինական Ամերիկայի երկրներում Ռուսաստանի ազդեցության աճով

ԱՄՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Լատինական Ամերիկայի երկրներում Ռուսաստանի ազդեցության և ռազմական ներկայության աճի կապակցությամբ։ Սենատում զինված ուժերին նվիրված լսումների ժամանակ խնդրին անդրադարձել է ԱՄՆ բանակի հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոն Քելլին։Այս մասին հաղորդում է NicaraguaToday լրատվակայքը։

Գեներալ Ջոն Քելլի

Ջոն Քելլին նշել է, որ վերջին տարիներին Ռուսաստանն ակտիվ աշխատանքներ է տանում Լատինական Ամերիկայի այն երկրներում, որոնց հետ ԱՄՆ-ին չի հաջողվել հաստատել բարիդրացիական հարաբերություններ այս կամ այն պատճառով։ Իր խոսքում Քելլին հայտնել է, որ Ռուսաստանի ակտիվացումն արտահայտվում է ռազմանավերի և հեռավոր ավիացիայի ռմբակոծիչների բարեկամական այցերով Կենտրոնական Ամերիկայի երկրներ։

Որպես օրինակ Քելլին մատնանշել է, որ 2008-ից ի վեր Ռուսաստանն իր ռազմանավերը չէր ուղարկել Կարիբյան ծովի ավազան, սակայն 6 ամիս առաջ ՌԴ ռազմածովային ուժերի երեք նավերից բաղկացած խումբը ժամանել է Նիկարագուա։ Դրանցից երկուսը մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ։ Ամփոփելով իր խոսքը՝ հարավային հրամանատարության ղեկավարը նկատել է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում գործում է բավական լավ և զգալի հաջողություններ է գրանցել Լատինական Ամերիկայի որոշ երկրներում իր ազդեցության ամրապնդման հարցում։

Նշենք, որ 2013-ի նոյեմբերին Նիկարագուայի խորհրդարանը վավերացրեց կառավարության ընդունած որոշումը, որով ՌԴ զինված ուժերի ավիացիոն և ռազմածովային ստորաբաժանումներին թույլատրվեց 2014-ի առաջին կիսամյակի ընթացքում մուտք գործել երկրի տարածք՝ ռազմական փորձի փոխանակման նպատակով։

Հավելենք նաև, որ Նիկարագուայից բացի, ՌԴ ռազմաօդային ուժերի հեռավոր ավիացիայի ռազմավարական ռմբակոծիչները ժամանակ առ ժամանակ բարեկամական թռիչքներ են իրականացնում նաև դեպի Վենեսուելա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *