Կալաշնիկով կոնցերնը վերականգնել է Վիխր-1 հրթիռների մատակարարման իրավունքը

Կալաշնիկով կոնցերնը 2014-ի մարտի 12-ին Մոսկվայի արբիտրաժային դաշնային վերաքննիչ դատարանում կարողացել է վերականգնել Վիխր-1 կառավարվող հրթիռների պետպատվերն իրականացնելու իր իրավունքը։ Դրանով, փաստորեն, չեղյալ համարվեց արբիտրաժային 9-րդ դատարանի կայացրած որոշումը, որը վճռել էր՝ Կալաշնիկով կոնցերնի և ՌԴ պաշտպանության նախարարության միջև պայմանագրի կնքումը տեղի է ունեցել խախտումների արդյունքում։ Տեղեկությունն այս մասին տեղադրվել է Կալաշնիկով կոնցերնի պաշտոնական կայքում։

Վիխր-1 հակատանկային կառավարվող հրթիռներ

Վիխր-1 հակատանկային կառավարվող հրթիռներ

 

Կառավարվող Վիխր-1 (ռուս.՝ Вихрь-1) հրթիռների արտադրության պետական պատվերը հավակնում էր ստանալ նաև ռուսաստանյան ՎՍՏ (Высокоточные системы и технологии) փակ բաժնետիրական ընկերությունը, սակայն պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթում հաղթող էր ճանաչվել Կալաշնիկով կոնցերնը, ինչն ըստ ՎՍՏ-ի՝ տեղի էր ունեցել վերապահումների և խախտումների արդյունքում։ Արբիտրաժային 9-րդ դատարանը 2013-ի դեկտեմբերի 9-ին բավարարել էր ՎՍՏ ընկերության հայցը և վճռել դադարեցնել Կալաշնիկով կոնցերնի՝ կառավարվող հրթիռների մատակարարումը ՌԴ զինված ուժերին։

Սակայն վերաքննիչ դատարանում կոնցերնը կարողացել է ապացուցել, որ պետական մրցույթում հաղթել է բացառապես օրինական միջոցներով, իսկ կոնցերնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Կրիվոռուչկոն հայտարարել է, որ չնայած դատական քաշքշուկներին, իրենք վստահ են եղել՝ վերաքննիչ դատարանի որոշումը լինելու է հօգուտ կոնցերնի ու այս ընթացքում նույնիսկ չեն դադարեցրել Վիխր-1 կառավարվող հրթիռների պլանային արտադրությունը։

Նշենք, որ 2013-ի ամռանը Կալաշնիկով կոնցերնը ՌԴ պաշտպանության նախարարության հետ կնքել է Վիխր-1 հրթիռների մատակարարման շուրջ 400 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիր։ Հրթիռների մատակարարումը պետք է ավարտվի մինչև 2015-ի վերջը։

Հավելենք նաև, որ Վիխր-1 հակատանկային հրթիռները նախատեսված են Սու-25 և Սու-39 գրոհիչներից, ինչպես նաև ուղղաթիռներից արձակման համար։ Հրթիռը հակառակորդի տանկերն ու զրահատեխնիկան կարող է խոցել առավելագույնը 10 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *