Արտակարգ միջադեպ՝ Մեծ Բրիտանիայի ռազմանավերից մեկի մասնակցությամբ

Արտակարգ միջադեպ է գրանցվել Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի HMS Argyll ռազմանավի մասնակցությամբ։ Վերջինիս անձնակազմը զորվարաժության ընթացքում անզգուշաբար արձակել է 45 կգ-անոց տորպեդ, որը դիպել է մոտակայքում գտնվող բրիտանական ռազմածովային բազայի ատոմային սուզանավերի լիցքավորման կայաններից մեկին։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Telegraphպարբերականը։

Ուսումնական տորպեդի արձակում. լուսանկարը՝ swns.com կայքի

Ուսումնական տորպեդի արձակում. լուսանկարը՝ swns.com կայքի

Բարեբախտաբար, տորպեդը չի եղել լիցքավորված և արձակման արդյունքում պայթուն չի գրանցվել։ Ու թեպետ տուժածներ չկան, այդուհանդերձ միջադեպն առաջացրել է ռազմածովային ուժերի հրամանատարության խիստ զայրույթը։ Դեպքի առթիվ անմիջապես նշանակվել է ծառայողական քննություն։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի HMS Argyll ֆրեգատը թագավորական նավատորմի ամենահին նավերից է։ Այն հիմնովին վերանորոգում է անցել 2009-ին։

Ռազմանավն ունի 4 900 տոննա ջրատարողություն, կարող է զարգացնել մինչև 55 կմ/ժ արագություն և նավարկել մինչև 14 000 կմ հեռավորության վրա։ Սպառազինությունում ունի հակաօդային պաշտպանության հրթիռներ, ինչպես նաև վերջրյա նավերի և սուզանավերի դեմ պայքարի համար նախատեսված տորպեդներ։ Ֆրեգատն իր տախտակամածի վրա կարող է ընդունել նաև ուղղաթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *