Ռուսաստանյան Յանտար նավաշինական գործարանը 2014-ի մարտի 14-ին ջուրն է իջեցրել 11356 նախագծի առաջին ֆրեգատը, որը ՌԴ ռազմածովային ուժերի շահագործմանը կհանձնվի մինչև 2014-ի վերջը։ Ֆրեգատը ստացել է Ադմիրալ Գրիգորովիչ (ռուս.՝ Адмирал Григорович) անունը և կառուցվում է ռազմածովային ուժերի սևծովյան նավատորմի համար։ Այս մասին հաղորդում է Յանտար նավաշինական գործարանի մամուլի ծառայությունը։
Յանտար նավաշինական գործարանը Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ ունի երկու պայմանագիր, որոնցով նախատեսվում է մինչև 2016-ը շահագործման հանձնել 11356 նախագծի 6 ֆրեգատ։ Դրանք բոլորն էլ կհամալրեն սևծովյան նավատորմի շարքերը։
Նշենք, որ այս նախագծի նավերն ունեն 4 000 տոննա ջրատարողություն, կարող են զարգացնել մինչև 55 կմ/ժ արագություն և նավարկել մինչև 7200 կմ հեռավորության վրա։ Սպառազինությունում ֆրեգատներն ունեն Ա-190 Է (ռուս.՝ А-190 Э) հրետանային կայաններ, հակաօդային պաշտպանության Շտիլ-1 (Штиль-1) զենիթահրթիռային համալիր, Կաշտան (Каштан) զենիթահրետանային համալիր և 533 մմ-անոց տորպեդներ՝ հականավային պայքարի համար։
Հավելենք, որ այս դասի ֆրեգատներն ունակ են նաև իրենց տախտակամածի վրա ընդունել Կա-28 և Կա-31 (Ка-28, Ка-31) ուղղաթիռներ, որոնք որպես կանոն մտնում են նավախմբի կազմի մեջ և իրականացնում են տվյալ հատվածի ջրային ավազանի հետախուզում։