Գյումրիի ռուսաստանյան ռազմաբազայի ինժեներական ստորաբաժանումները հավաքներ են անցկացնում

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ինժեներական ստորաբաժանումների մոտ 100 զինծառայողներ մասնակցում են դաշտային պարապմունքների, որոնց ընթացքում կատարելու են գործողությունների ներդաշնակում։

102-րդ ռազմաբազայի զինծառայողները Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՕ-ի կայքի

102-րդ ռազմաբազայի զինծառայողները
Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՕ-ի կայքի

Պարապմունքներն, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղոդագրության, արդեն սկսվել են Գյումրիի Կամխուդ բարձրալեռնային զորավարժարանում ու կշարունակվեն մինչև ապրիլի կեսերը։ Դրանց ընթացքում կկիրառվի մոտ 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև ՊԶՄ-2 մեքենաներ, որոնք նախատեսված են խրամատներ ու այլ ինժեներական արգելափակոցներ փորելու համար։

Պարապմունքների ընթացքում ինժեներական ստորաբաժանումների զինծառայողները կկատարեն ականների ու այլ պայթուցիկ նյութերի հայտնաբերում, ինչպես նաև պայթեցում կրակային ու էլեկտրական միջոցներով։ Պարապմունքները առավելագույն մոտեցված կլինեն մարտական պայմաններին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Պայմանագիրը նախապես կնքվել էր 25 տարի ժամկետով, որից հետո 2010 թվականին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ այն երկարաձգվել է ևս 49 տարով 2044 թվականը։

Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ կայանով, Բուկ, Ստրելա-10 և Ս-300Վ զենիթահրթիռային, Կոնկուրս հակատանկային համակարգերով, Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանով, 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հրետանային համակարգով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայով, Տ-72Բ տանկով, ինչպես նաև ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *