Ռուսաստանն ընդլայնում է ռազմական ներկայությունը Արկտիկայում, մեկնարկել են նաև զորավարժություններ

Ռուսաստանը շարունակում է մեծացնել իր ռազմական ներկայությունն Արկտիկայում։ Վերջին շրջանում ՌԴ-ն այսեղ իրականացնում է մի շարք զորավարժություններ, ինչպես նաև մեծացնում զինավանների թիվը։ Նմանօրինակ զորավարժություններից մեկի ակտիվ փուլը մեկնարկել է 2014-ի մարտի 14-ին։ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարյովն այդ զորավարժությանը հետևելուց հետո լրագրողներին ներկայացրել է որոշ մանրամասներ։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍլրատվական գործակալությունը։

ՌԴ օդադեսանտային զորքերի զորավարժությունից

ՌԴ օդադեսանտային զորքերի զորավարժությունից

Բոնդարյովի խոսքերով, ՌԴ Իվանովյան 98-րդ օդադեսանտային դիվիզիայի թվով 350 զինծառայող՝ Իլ-76 բեռնատար ինքնաթիռից դեսանտ է իջեցվել Նովոսիբիրսկյան կղզիներ արխիպելագի Կոտելնի կղզում։ Զինծառայողների դեսանտին հաջորդել է ռազմական բեռների և ռազմատեխնիկայի իջեցումն ինքնաթիռներից։

Համաձայն զորավարժոթյան սցենարի՝ դեսանտայինները վայրէջք կատարելուն պես պետք է մարտի բռնվեին պայմանական հակառակորդի հետ, որը շրջափակել և կրակ է բացել իրենց ուղղությամբ։ Հակառակորդի լիակատար ոչնչացումից հետո դեսանտայինները պետք է գրավեին օդանավակայնն ու դրա գործունեության համար կենսական նշանակություն ունեցող հանգույցները։ Արդյունքում՝ դեսանտից մեկ ժամ անց, ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների առջև դրված բոլոր խնդիրներն արդեն կատարված էին, իսկ հակառակորդից գրաված օդանավակայանն արդեն պատրաստ էր իր թռիչքուղու վրա ընդունել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) ինքնաթիռները։

Զորավարժությունն այսքանով չի ավարտվել։ Գեներալ-լեյտենանտ Բոնդարյովը նշել է, որ ավելի քան 25 ժամ ՌԴ ՌՕՈւ թվով 4 Տու-95ՄՍ (ռուս.՝ Ту-95МС) ռազմավարական ռմբակոծիչները պարեկություն են անելու Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի և Արկտիկայի շրջանում։ Նման երկարատև պարեկությունը հնարավոր կլինի իրականացնել ռմբակոծիչների՝ օդում վառելիքի լիցքավորման շնորհիվ։

Զորավարժությունների ընթացքի մասին մանրամասներ հայտնելուց բացի, ՌԴ ՌՕՈւ գլխավոր հրամանատարը տեղեկացրել է նաև Արկտիկայի շրջանում ՌԴ զինված ուժերի ընդլայնման առաջիկա պլանների մասին։ Ըստ այդմ, ընթացիկ տարում Կոտելնի կղզում կկառուցվի ևս մեկ զինավան, կկատարելագործվեն ենթակառուցվածքային այլ ճյուղեր ինչպես այդ կղզում, այնպես էլ Արկտիկայի մի շարք այլ հատվածներում։

Հիշեցնենք, որ 2014-ի փետրվարին հայտնի դարձավ՝ ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի կազմում մինչև 2014-ի վերջը կստեղծվի նոր զորամիավորում, որը կստանա Հյուսիսային նավատորմի ռազմավարական հրամանատարական միավորում անվանումը։ Այս ամենը վկայում է, որ Ռուսաստանը լրջորեն մտադիր է ամրապնդել իր դիրքերն Արկտիկայում։

Հիշեցնենք նաև, որ 2013-ի ապրիլին ռուսաստանյան նավթային արդյունաբերության հսկաներ Ռոսնեֆտ և Գազպրոմ ընկերություններին պետությունը տվեց թույլտվություն՝ հետազոտել Արկտիկայի տարածաշրջանը էներգակիրների հայտնաբերման նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *