Չեխիայի կառավարությունը երկարաձգել է պայմանագիրը շվեդական Saab ընկերության հետ, որով վերջինս վարձակալության հիմունքներով կշարունակի Չեխիայի ռազմաօդային ուժերին տրամադրել 14 միավոր JAS 39 Gripen կործանիչ։ Վարձակալության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականը։ 14 կործանիչների համար Չեխիան տարեկան կվճարի շուրջ 86 միլիոն ամերիկյան դոլար։ Այս մասին հաղորդում է DefenseNews ռազմական լրատվակայքը։
Կնքված նոր պայմանագրով վարձակալության ժամկետի երկարացումից բացի, նախատեսվում է նաև այդ կործանիչների արդիականացում ու անձնակազմի վերապատրաստում՝ այդ թվում 25 օդաչու և 90 ավիատեխնիկ։ Չեխական կառավարությունը JAS 39 Gripen կործանիչների վարձակալության պայմանագիրը կնքվել էր 2004-ին՝ 10 տարի ժամկետով, իսկ 2013-ի հուլիսին Չեխիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ իրենք մտադիր են երկարաձգել պայմանագիրը։
Հավելենք, որ կործանիչների և թանկարժեք այլ զինատեսակների վարձակալությունը թեև լայն տարածում չունի, սակայն կան պետություններ, որոնք գնում են այդ քայլին՝ որպես կանոն զինատեսակը գնելու համար պահանջվող բավարար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։
Շվեդական JAS 39 Gripen կործանիչն իր առաջին թռիչքը կատարել է 1988-ին։ Մինչ օրս արտադրվել է այդ ինքնաթիռի շուրջ 250 օրինակ, որոնք համալրում են թվով վեց երկրների ռազմաօդային ուժերի ավիապարկը։ Կործանիչը կարող է զարգացնել 2 200 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 200 մետր է։ Սպառազինությունում ունի 27 մմ-անոց հրանոթ, կառավարվող հրթիռներ՝ այդ թվում նաև հականավային, ինչպես նաև ռումբեր՝ լազերային նշանառությամբ։