Մարտի 12-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել էին հայ գերիներին, այդ թվում՝ օգոստոսի 7-ին Ադրբեջանի սահմանն անցած Հակոբ Ինջիղուլյանին։
Ռազմինֆոյի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին նշել էր, որ գերիներին նամակներ են հանձնվել իրենց ընտանիքների անդամներից, համապատասխանաբար նամակներ են ստացվել, որոնք պետք է շուտով փոխանցվեն գերիների ընտանիքներին։
Ռազմինֆոն այսօր՝ մարտի 14-ին, զրուցեց նաև Հակոբ Ինջիղուլյանի եղբոր՝ Հարություն Ինջիղուլյանի հետ։ Վերջինս հաստատեց, որ ԿԽՄԿ-ից իրենց փոխանցել են եղբորից հերթական նամակը՝ շեշտելով՝ Հակոբ Ինջիղուլյանը ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների հետ զրույցում ասել է, որ ՄԱԿ-ի գրասենյակից արդեն այցելել են իրեն։ Այցի արդյունքների մասին այս պահի դրությամբ որևէ բան պարզ չէ։
Հիշեցնենք, որ 2013-ին օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով՝ 1991-ին ծնված շարքային Հակոբ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում։ Հայկական կողմը ջանքեր է գործադրում ռազմագերուն հայրենիք վերադարձնելու համար։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։ Հիմա ՄԱԿ-ը փորձում է գտնել այնպիսի երկիր, որը կհամաձայնի ընդունել Հակոբին։