Մեքսիկան հետախուզական աերոստատ է գնել ԱՄՆ-ից

Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը ամերիկյան SkyDoc Balloons ընկերությունից գնել է AXE6-9H հետախուզական աերոստատ, որը շահագործման կհանձնեն երկրի զինված ուժերի ցամաքային զորքերին։ Հետախուզական համակարգը հնարավորություն է տալիս 5-ից 10 կմ հեռավորության վրա արձանագրել մարդկանց և ավտոմեքենաների շարժը, ընթերցել ավտոմեքենաների համարանիշեր, նույնականացնել մարդկանց դիմապատկերն ու  այդ ամենն անել նույնիսկ վատ տեսանելիության պայմաններում։ Այս մասին հաղորդում է Jane’s ռազմական հանդեսը։

Հետախուզական AXE6-9H աերոստատը

Հետախուզական AXE6-9H աերոստատը

Հետախուզական աերոստատի գնման պայմանագիրը ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև կնքվել է 2014-ի հունվարին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Մատակարարումը նախատեսվում է իրականացնել մինչև 2014-ի հոկտեմբերը։

Փորձելով հասկանալ, թե ինչ նպատակ է հետապնդում Մեքսիկան՝ գնելով հետախուզական այս կայանը, նախ նշենք, որ այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է՝ աերոստատը տեղադրվելու է ԱՄՆ-ի հետ սահմանակից հատվածում, ինչից կարելի է ենթադրել, որ կայանի շահագործման առաջնահերթ խնդիրներից է լինելու նաև սահմանի ապօրինի հատումների կանխարգելումը, քանի որ բավական մեծ թիվ են կազմում Մեքսիկայի տարածքից ապօրինի ճանապարհով ԱՄՆ ներգաղթողների թիվը։

Միացյալ նահանգների և Մեքսիկայի պետական սահմանը ձգվում է 3 145 կմ և դրա լիակատար վերահսկողությունն ու Մեքսիկայի տարածքից ապօրինի ներգաղթյալների հոսքի վերահսկումը տևական ժամանակ է, ինչ լուրջ խնդիր է ԱՄՆ-ի համար։ Այս ամենի ենթատեքստում կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները ևս շահագրգռված է AXE6-9H հետախուզական աերոստատի՝ Մեքսիկայի տարածքում տեղակայումով, առավելևս սահմանային գոտում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *