Գյումրիի ռուսաստանյան ռազմաբազայի հրետանավորները զորավարժությունների են մասնակցելու Ռուսաստանում

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայողները մասնակցելու են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զորավարժություններին, որին ընդհանուր առմամբ մասնակցելու է 8,5 հազար զինծառայող։

Զորավարժությունները կայանալու են հարավային ռազմական օկրուգի հրթիռահրետանային զորքերի հավաքի շրջանակներում։

Ռազմինֆոյի հետ զրույցում 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Աշոտ Կարապետյանը հայտնեց, որ ռազմաբազայի զինծառայողների մի մասն է մասնակցելու հավաքներին։ Գյումրիից մեկնող զորախումբը իր հետ չի տանելու տեխնիկա, այլ զորավարժությանը մասնակցելու է այնտեղ տրամադրվելիք տեխնիկայով։

 

ՌԴ ԶՈւ Մստա-Բ հաուբիցը կրակի ժամանակ

Հավաքների ընթացքում կիրառվելու են Գրադ, Ուրագան, Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, Մստա-Ս ինքնագնաց հաուբիցներ, Նոնա ինքնագնաց հրետանային համալիրներ, Ռապիրա հակատանկային հրանոթներ ու այլ սպառազինություն։ Հավաքների ընթացքում շուրջ 50 մարտավարական զորավարժություններ են անցկացվելու մարտկոցների մակարդակով, ինչպես նաև կլինեն շուրջ 20 ստուգողական կրակային պարապմունքներ ու կիրականացվեն շուրջ 1000 կրակային խնդիրներ։

Զորավարժությունների ընթացքում զինծառայողները տարբեր տեսակի սպառազինությամբ կխոցեն 2-ից 15 կմ հեռավորությամբ թիրախներ։ Պարապմունքների ընթացքում թիրախները կխոցվեն ինչպես փակ դիրքերից, այնպես էլ ուղիղ նշանառությամբ, իսկ վարժանանքների մոտ 50 տոկոսը կանցկացվեն գիշերային ժամերին։

Հավաքների ընթացքում ստորաբաժանումները կներդաշնակեցնեն իրենց աշխատանքները ինչպես միմյանց միջև, այնպես էլ մոտոհրաձգային, տանկային ու դեսանտային ստորաբաժանումների, ծովային հետևակի հետ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Պայմանագիրը նախապես կնքվել էր 25 տարի ժամկետով, որից հետո 2010 թվականին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ այն երկարաձգվել է ևս 49 տարով 2044 թվականը։

Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ կայանով, Բուկ, Ստրելա-10 և Ս-300Վ զենիթահրթիռային, Կոնկուրս հակատանկային համակարգերով, Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանով, 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հրետանային համակարգով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայով, Տ-72Բ տանկով, ինչպես նաև ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *