Ուկրաինական ճգնաժամի նավթագազային գործոնը

Այսօր միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Ուկրաինայի, մասնավորապես՝ Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը, որտեղ բախվում են բազմաթիվ մեծ ու փոքր երկրների շահեր։ Թվում է, թե հակամարտության պատճառներն ակնհայտ են. Ղրիմի բացառիկ աշխարհագրական դիրքն այդ թերակղզուն տալիս է ոչ պակաս բացառիկ ռազմավարական նշանակություն և´ Ռուսաստանի, և´ իր հավանական հակառակորդների համար։

Սակայն, բացի վերոհիշյալ ռազմավարական կարևորությունից, Ղրիմի նշանակությունն աճում է նաև Սև ծովում՝ մասնավորապես թերակղզում և դրա շուրջ, նավթի ու գազի զգալի պաշարների շնորհիվ, ինչն արդեն պատճառ է դարձել անցյալ տարի Ռուսաստանի և Արևմուտքի «միլիարդանոց» շահերի բախման։ Ու թեև Ղրիմի պարագայում այնուամենայնիվ ամենաէականը թերակղզու ռազմավարական նշանակությունն է,  նավթագազային  պաշարներն ինքնին կարևոր հանգամանք են, և որևէ այլ տարածաշրջանում հենց դրանք կարող էին դառնալ հիմնական կռվախնձորը։

Տարածաշրջանում նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվում է «Չերնոմորնեֆտեգազ» (ռուս.՝ Черноморнефтегаз) ընկերությունը։ Ընդհանուր առմամբ ընկերությանն են պատկանում  նավթագազային  17 հանքավայրեր, այդ թվում` 11 գազային, 4 գազակոնդենսատային և 2 նավթային։ Ներկայումս շահագործվում են 9 գազային ու գազակոնդենսատային և 1 նավթային հանքավայրեր, իսկ մյուս 7 հանքավայրերը տեղաբաշխված են 4 հիմնական շրջաններում.

  1. հյուսիս-արևմտյան հատված – թերակղզուց արևելքում է
  2. մայրցամաքային լանջ (ստորջրյա իջվածք) – թերակղզուց հարավում է
  3. մերձկերչյան հատված – Կերչի թերակղզու հարավում է
  4. Ազովի ծով

«Չեռնոմորնեֆտեգազի» տվյալներով տարածաշրջանի ընդհանուր  նավթագազային  պոտենցիալը կարող է հասնել մինչև 1971.5 մլրդ մ³ գազ և 435.1 մլն տոննա նավթ։ Ինչ վերաբերում է ապացուցված պաշարներին, ապա դրանք թեպետ կարգով ավելի քիչ են, բայց նույնպես զգալի են. համապատասխանաբար 66.2 մլրդ մ³ գազ և 21.7 մլն տ (մոտ 160 մլն բարել) նավթ։

Մերձսևծովյան-ղրիմյան շրջանի  նավթագազային  պոտենցիալը

Գազ (մլրդ մ³) Նավթ (մլն տ)
Հյուսիս-արևմտյան հատված 495.7 50.4
Մայրցամաքային լանջ 766.6 232.6
Մերձկերչյան հատված 321.2 126.8
Ազովի ծով 388 25.3
Ընդհանուր 1971.5 435.1
Ապացուցված պաշարներ 66.2 21.7

Միաժամանակ հետախուզական աշխատանքներ են կատարվում կամ պլանավորվում 5 գազային և 6 նավթային հեռանկարային հանքավայրերում,  որոնց ընդհանուր պոտենցիալը գնահատվում է համապատասխանաբար 73 մլրդ մ³ գազ և 51 մլն տ (մոտ 374 մլն բարել) նավթ։

Հասկանալի է, որ այս ծավալի ապացուցված պաշարներ ու այսպիսի հսկայական պոտենցիալ ունեցող տարածաշրջանը չէր կարող չհետաքրքրել  նավթագազային  շուկայի խաղացողներին. բնական է, որ հետաքրքրվողներից առաջինն էլ հենց Ռուսաստանը պիտի լիներ։ Եվ իսկապես, դեռևս 2010-ի դեկտեմբերին ռուսական «Լուկօյլ» ընկերությունն Ուկրաինայի կառավարությունից թույլտվություն էր ստացել մասնակցել Սև ծովի արևմտյան ափի՝ Ղրիմի ջրային տարածքներում տեղակայված հանքավայրերի մշակմանը, եթե տրամադրեր նյութական միջոցներ, համապատասխան տեխնիկա ու տեխնոլոգիա։ Այդ ծրագրին ոչ պակաս քան 50 տոկոս մասնակցություն պետք է ունենար «Չերնոմորնեֆտեգազը»։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր նավթի 3 հանքերի՝ Բեզիմյանիի, Օդեսայի ու Սուբբոտինի մշակումը։ Սակայն Ուկրաինայի կառավարությունը 2013-ի նոյեմբերի 17-ին հատուկ որոշմամբ չեղյալ է հայտարարել «Լուկօյլ» նավթային ընկերությանը տրված թույլտվությունը «Չերնոմորնեֆտեգազ» ընկերության հետ համատեղ Սև ծովի մայրցամաքային ելուստում նավթի ու գազի արդյունաբերություն իրականացնելու վերաբերյալ։

Ուկրաինայի կառավարության վարկածով՝ «Լուկօյլի» նկատմամբ նման որոշում ընդունելու պատճառն այն է, որ ռուսաստանյան ընկերությունն իրենից պահանջվող ներդրումները չէր կատարում։ «Լուկօյլից» պատասխանել էին, որ ներդումներ կատարելու վերաբերյալ որևէ համաձայնագիր չկա, սակայն իրենք այնուհանդերձ հետաքրքրված են վերոհիշյալ 3 հանքավայրերի շահագործմամբ։

«Լուկօյլի» հետ համագործակցությունը դադարեցնելուն զուգահեռ Ուկրաինան Սև ծովի արևմտյան հատվածի հանքավայրերի համատեղ մշակման պայմանագիր կնքեց իտալական Eni և ֆրանսիական EDF ընկերությունների հետ։ Պայմանագրի արժեքը շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլար էր։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Էդուարդ Ստավիտսկու խոսքերով՝ ծրագիրն ապահովելու էր Ուկրաինային տարեկան 3 մլրդ տոննա նավթով։ Համաձայնագրի պայմաններով՝ Eni-ին բաժին է ընկնում Արևմտյան Ղրիմի ջրային տարածքների 1400 կմ² հատված։ Eni-ի մասնաբաժինը կազմելու է 50 տոկոս։ Ինչ վերաբերում է ֆրանսիական EDF-ին, ապա նրան պատկանում է գործարքի 5 տոկոսը, «Վոդի Ուկրաինի» և «Չերնոմորնեֆտեգազ»  ուկրաինական  պետական ընկերություններին էլ՝ համապատասխանաբար 35 ու 10 տոկոս։

Փաստորեն, վերջին 2 տարվա ընթացքում սա Ուկրաինայի ամենամասշտաբային էներգետիկ նախագիծն էր։

Միևնույն ժամանակահատվածում Ուկրաինան կնքել էր գազի համատեղ արտահանման 10 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր ամերիկյան Chevron ընկերության հետ։

Այսպիսով, 2013-ի նոյեմբեր-դեկտեմբերի դրությամբ Ղրիմի ջրային տարածքների  նավթագազային  հանքավայրերը նախատեսվում էր շահագործել արևմտյան ընկերությունների հետ համատեղ։ Բայց այդ պլանների ապագան այսօր, մեղմ ասած, արդեն շատ մշուշոտ է։

Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան կարելի է ասել կայացած փաստ է` անկախ այդ փաստի միջազգային հանրության կողմից ճանաչումից։ Կասկած անգամ չի կարող լինել, որ Ռուսաստանը մերձսևծովյան-ղրիմյան  նավթագազային  շրջանն այսուհետ համարելու է իր ջրային տարածք ու իր այդ կարծիքն ամրագրելու է Սևծովյան նավատորմով։ Իսկ այդպիսի փաստարկի դեմ Ուկրաինան պատասխանելու ոչինչ չունի, քանի որ  ուկրաինական  նավատորմն այս պահի դրությամբ ունի ընդամենը մեկ հարաբերականորեն մարտունակ նավ։ Այսպիսով Ուկրաինան ստիպված կլինի բավարարվել բանավոր բողոքներով։

Ուշագրավ է, որ Ղրիմի իշխանություններն արդեն հայտարարել են «Չերնոմորնեֆտեգազն» ազգայնացնելու մտադրության մասին։ Ավելին, Ուկրաինայի ռազմածովային նավատորմից բացի, Ղրիմում արգելափակված է նաև «Չերնոմորնեֆտեգազի» նավատորմը։ Այս հանգամանքները փաստացի հաստատում են այն ենթադրությունը, որ Ղրիմի անեքսիայի մասին որոշումն ընդունելիս Ռուսաստանի իշխանություններն առաջնորդվել են այդ թվում նաև  նավթագազային  գերակայության ստանալու ձգտումներով։

One response to “Ուկրաինական ճգնաժամի նավթագազային գործոնը

  1. Pingback: Կորեոլան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *