Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանձնարարությամբ ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ Սերգեյ Կոշելևը հրավիրել է ՌԴ-ում Կանադայի դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Ռոն Աբենսենին՝ քննարկելու երկու երկրների միջև լարված հարաբերությունները՝ կապված Ուկրաինայի հարցում ունեցած հակադիր դիրքորոշումների հետ։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հանդիպման ընթացքում գլխավոր թեման եղել է ՌԴ 9 զինծառայողների արտաքսումը Կանադայից, որոնք վերապատրաստում էին անցնում Կանադայի զինուժի ռազմական-լեզվաբանական ուսումնարանում։
Կոշելևը չի հրապարակել հանդիպման մանրամասներն ու արդյունքները, սակայն հայտնել է. «Աբենսենին ներկայացրինք մեր դիրքորոշումը, որ Կանադայի իշխանությունների քայլերը ռուսաստանյան զինծառայողներին երկրից հեռացնելու առնչությամբ ոչ բարեկամական և սադրիչ գործողություններ են։ Մենք ուշադրություն հրավիրեցինք նաև այն հարցին, որ Կանադան որոշում է կայացրել խզել կապեըը ՌԴ-ի հետ ռազմական ոլորտում»։
Հիշեցնենք, որ 2014-ի մարտի 7-ին հայտնի էր դարձել՝ Կանադայի իշխանությունները երկրում ռազմակրթական նպատակներով ծառայություն անցնող ռուսաստանցի բոլոր 9 զինծառայողներին տվել են 24 ժամ՝ Կանադայից հեռանալու համար։ Ռուսաստանցի 9 զինծառայողներից 6-ն անգլերեն և ֆրանսերեն էին ուսանում Քվեբեկ նահանգում, 1-ը կանադացի ծառայակիցներին ռուսերեն էր դասավանդում, իսկ մյուս 2-ը վերապատրաստում էին անցնում Նյու Բրանսուիք նահանգի Գեյջթաուն ռազմակայանում։
Նկատենք, որ Կանադան բացահայտ դժգոհություններ էր հայտնել Ուկրաինայում ՌԴ ԶՈւ զինծառայողների առկայության կապակցությամբ շատ ավելի վաղ։ Մարտի 4-ին հայտնի էր դարձել, որ Կանադան որոշում էր ընդունել կասեցնել ռազմական համագործակցությունը ՌԴ-ի հետ։ Սառեցվել են երկկողմ ռազմատեխնիկական, ռազմակրթական և առհասարակ ռազմական ոլորտին առնչվող բոլոր պայմանագրերը, որոնք կնքվել էին Ռուսաստանի և Կանադայի պաշտպանության նախարարությունների միջև։