ԱՄՆ հրթիռային ռազմանավերը ժամանել են Հարավային Կորեա

ԱՄՆ ռազմածովային ուժերի հրթիռային չորս ռազմանավ միաժամանակ ժամանել է Հարավային Կորեայի տարբեր նավահանգիստներ։ Դրանք մասնակցելու են այդ երկրի հետ համատեղ անցկացվող Foal Eagle զորավարժությանը, որը մեկնարկել է 2014-ի փետրվարի վերջին։Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղեկատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

ԱՄՆ ՌԾՈւ ռազմանավեր

ԱՄՆ ՌԾՈւ ռազմանավեր

ԱՄՆ և Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչներն արդեն հանդես են եկել հայտարարությամբ և տվել պարզաբանումներ՝ կապված ամերիկյան հրթիռային նավերի՝ Հարավային Կորեա ժամանման վերաբերյալ։ Ըստ այդմ, այդ ռազմանավերը մտնում են ԱՄՆ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) 7-րդ նավատորմի կազմի մեջ, դրանք մասնակցելու են երկու երկրների միջև 2014-ի փետրվարի 24-ից մեկնարկած համատեղ զորավարժությանը։
Նշվում է նաև, որ ժամանած ռազմանավերն իրենց սպառազինությունում ունեն Tomahawk կառավարվող հրթիռներ, հակաօդային պաշտպանության SM-3 և SM-2 հրթիռներ, ինչպես նաև հականավային հրթիռային այլ սպառազինություն։ Զորավարժությանը մասնակցելու նպատակով ռազմանավերով ժամանել է նաև թվով 5 100 զինծառայող՝ ԱՄՆ բանակի տարբեր ստորաբաժանումներից։
Հավելենք, որ ամերիկյան 4 ռազմանավերի ժամանումից մոտ մեկ շաբաթ առաջ, Հարավային Կորեայի նավահանգիստներից մեկն ընդունեց ԱՄՆ ՌԾՈւ ատոմային սուզանավ, որը մինչ այդ իր մշտական տեղակայման վայրում էր՝ Ճապոնիայում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև ռազմատեխնիկական սերտ համագործակցությունն ուղղված է գերազանցապես Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության դեմ, որի հետ հարաբերությունները խիստ լարված են 1953-ին ավարտված Կորեական պատերազմից ի վեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *