ԱՄՆ բանակի հրամանատարությունը որոշել է որպես զինված ուժերի հետևակային ստորաբաժանումների հակատանկային հիմնական միջոց ընտրել Carl Gustav հակատանկային նռնականետը։ Այն կփոխարինի ներկայումս լայնորեն կիրառվող AT-4 նռնականետը։ Այս մասին հայտնում էJane’s ռազմական հանդեսը։
Carl Gustav (Կարլ Գուստավ) հակատանկային նռնականետը ԱՄՆ բանակի սպառազինությունում է արդեն ավելի քան 20 տարի։ Այս ընթացքում այն հասցրել է լավագույնս երաշխավորել իրեն՝ կիրառվելով բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հակատանկային հիմնական միջոցը։ Այժմ արդեն Carl Gustav նռնականետը կկիրառեն նաև սովորական նշանակության հետևակային ստորաբաժանումները։
Հարկ է նշել, որ ԱՄՆ-ից բացի, այս նռնականետերն օգտագործում են նաև աշխարհի շուրջ 40 երկրների զինված ուժերում։ Carl Gustav-ի առաջնային առավելություններից են օգտագործվող հակատանկային նռնակների մեծ հզորությունն ու կրակի՝ համեմատաբար բարձր ճշգրտությունը։ Դատելով նրանից, որ այս նռնականետերն արտադրող Saab ընկերությունը հայտարարել է դրանց հերթական մոդիֆիկացիայի ստեղծման մտադրության մասին՝ կարելի է ենթադրել, որ դեռ երկար տարիներ Carl Gustav-ն աշխարհում կլինի լավագույններից մեկը հակատանկային նռնականետերի շարքում։
Շվեդական արտադրության Carl Gustav հակատանկային նռնականետը նախագծվել է 1948-ին։ Դրանից ի վեր ստեղծվել է դրա երեք մոդիֆիկացիա։ Նռնականետն ունի 84 մմ-անոց տրամաչափ, 1 րոպեում կարող է կրակել մինչև 6 նռնակ։ Նռնականետի՝ 1991-ին նախագծված նորագույն M3 մոդիֆիկացիայի արդիականացված տարբերակն օժտված է նաև լազերային հեռաչափով։
Pingback: ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը կհամալրվեն Carl Gustav նռնականետերով | Ռազմ.info