ՆԱՏՕ-ի հրամանատարությունը մարտի 12-ին հայտարարել է, որ արդեն սկսվել են հեռավոր ռադիոտեղորոշիչ սարքեր կրող հետախուզական ինքնաթիռների թռիչքներն Ուկրաինայի հետ սահմանին։
Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, ինքնաթիռները թռիչքներ են կատարելու Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքներում, որոնք ՆԱՏՕ անդամ երկրներ են։ ՆԱՏՕ-ի հավաստիացմամբ՝ ինքնաթիռներն Ուկրաինայի օդային տարածք չեն ներխուժի։
Նկատենք նաև, որ ժամեր առաջ Լեհաստան են ժամանել ՆԱՏՕ-ի F-16 կործանիչները, որոնց գործառույթը ևս Ուկրաինայի օդային տարածքին մոտ պարեկություն անելն է։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ի՝ Մերձբալթյան երկրներում օդուժի ուժեղացման հետ մեկտեղ Սև ծովում մեկնարկել են ԱՄՆ-ի, Ռումինիայի ու Բուլղարիայի համատեղ ծրագրային վարժանքները։
Հավելենք, որ Ղրիմի ինքնահռչակ կառավարությունը հռչակագիր էր ընդունել, որի համաձայն՝ Ղրիմը անկախություն է ձեռք բերում Ուկրաինայի կենտրոնական իշխանություններից։ Հռչակագիրն օրինական է համարվում միայն Ռուսաստանում, Արևմուտքն այն համարում է ռուսական կողմի սադրանքը։ Մարտի 16-ին Ղրիմի իշխանությունները նախատեսել են հանրաքվե անցկացնել, որի արդյունքներն էլ պետք է կանխորոշեն Ղրիմի միացումը ՌԴ-ին։