Հնդկաստանը չի կարողանա ժամանակին ընդունել իսրայելական Israel Aerospace Industries (IAI) ընկերության արտադրած LAHAT (Laser Homing Attack) հակատանկային կառավարվող հրթիռները, որովհետև հրթիռի գործարանային փորձարկումների արդյունքում իսրայելցիները խափանումներ են հայտնաբերել։
Այս մասին հայտնել է Հնդկաստանի պետական Մարտական մեքենաների ուսումնասիրության ու զարգացման հիմնադրամի (CVRDE ” Combat Vehicles Research and Development Establishment) տնօրեն, դոկտոր Սիվակումարը։
LAHAT հրթիռները իսրայելյան ընկերությունը նախատեսում էր Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը հանձնել 2014-ի ամռանը, որից հետո հնդկական կողմը պիտի փորձարկեր դրանք ու հաջող արդյունքի դեպքում ընդուներ սպառազինության։
Իսրայելի ու Հնդկաստանի պայմանավորվածության համաձայն՝ հնդկական կողմը հրթիռները պիտի տեղադրեր Arjun Mk. 2 տանկի վրա։ Դա նախատեսված էր տանկի արդիականացման ծրագրով, որը ներառում էր 93 փոփոխություն կատարել տանկի կառուցվածքում։ Փոփոխություններից 19-ը առաջարկել էր երկրի պաշտպանության նախարարությունը, դրանք հիմնական փոփոխություններ էին։ Նախատեսված հիմնական փոփոխություններից էր նաև այն, որ տանկն իր թնդանոթի փողից կարողանա արձակել հակատանկային կառավարվող հրթիռներ, ինչպիսիք են LAHAT հրթիռները։
Ներկայումս պարզ է դարձել, որ հրթիռի փորձարկումների ժամանակ դրանցից երկուսը վրիպել են ու արձակում չի եղել, ինչը չի համապատասխանում Հնդկաստանի պաշտպանության նախարարության առաջադրած պահանջներին։ Դրա պատճառով կողմերը պայմանավորվել են, որ Հնդկաստանում հրթիռի փորձարկումները կիրականացնեն մեկ տարի ուշ՝ 2015-ի ամռանը, իսկ մինչև այդ արտադրող ընկերությունը կկատարելագործի հրթիռը։
Նախկինում հայտնվում էր նաև, որ փոփոխությունների արդյունքում տանկի մասերի 90 տոկոսը պիտի արտադրվեր Հնդկաստանում, ինչի շնորհիվ պիտի իջներ տանկի գինը։ Սակայն ըստ Սիվակումարի՝ ներկայումս Հնդկաստանում է արտադրվում տանկի սարքավորումների ու մասերի միայն 60 տոկոսը։ Պատճառն այն է, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը քիչ թվով տանկեր է պատվիրել, ինչի դեպքում արտադրողների համար ավելի էժան է մասերը գնել արտասահմանից, ոչ թե արտադրել տեղում։ Տեղում արտադրելն ավելի արդյունավետ կլինի այն դեպքում, երբ պատվիրված տանկերի քանակն ավելի շատ լինի, այդ դեպքում, ըստ պաշտոնյայի, հնարավոր կլինի Հնդկաստանում արտադրել տանկի մասերի շուրջ 70 տոկոսը։
Arjun տանկը Հնդկաստանի «ազգային» տանկն է, որն առաջին անգամ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 1974-ին։ Հետագայում այն մի շարք արդիականացումներ է անցել, իսկ ներկայումս արտադրության է դրված է Arjun Mk 2 տարբերակը։ Տանկը զինված է 120 մմ ակոսավոր թնդանոթով ու դրան կցված 7,62 մմ գնդացրով, ինչպես նաև 12,7 մմ զենիթային գնդացրով։ Արդիականացումներից հետո այն իր թնդանոթի փողից կկարողանա արձակել իսրայելական արտադրության LAHAT հակատանկային կառավարվող հրթիռներ։ Տանկի զանգվածը 58,5 տոննա է, անձնակազմը՝ 4 հոգի։
Ներկայումս Հնդկաստանն անընդհատ կատարելագործում է տանկը, դրա հիման վրա Հնդկաստանի պաշտպանության նախարարության մեջ մտնող Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO ” Defence Research and Development Organisation) մտադիր է ստեղծել Ապագայի հիմնական մարտական տանկ (FMBT, Future main battle tank):
Pingback: Հնդկական Արջուն տանկերը հրաժարվում են իսրայելական հրթիռներից | Ռազմ.info